Կետամինը կարող է օգնել ազատվել հետծննդյան դեպրեսիայից

08:38   23 ապրիլի, 2024

Հղիության ընթացքում և ծննդաբերությունից անմիջապես հետո կանանց դեպրեսիան առողջապահության գլոբալ խնդիրներից մեկն է, հայտնում է Euronews-ը։ Բժիշկներն ակտիվորեն ծննդկանների բուժման նոր մոտեցումներ են ուսումնասիրում: ԱՄՆ-ի և Չինաստանի բժիշկների խմբի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել հոգեմետ դեղամիջոցի արդյունավետությունը ծննդկանների համար: Այսպես, նրանց տվյալների համաձայն, ցածր չափաբաժնով S-կետամինի մեկ ներարկումը, որը տրվում է երեխայի ծնվելուց անմիջապես հետո, զգալիորեն նվազեցնում է դեպրեսիվ դրվագների թիվը  նախածննդյան դեպրեսիա ունեցող կանանց մոտ:

Չինաստանի ծննդատներում 2 տարի տևած կրկնակի հետազոտության ընթացքում բժիշկները հետազոտել են հոգեբանական ախտորոշում չունեցող մոտ 32 տարեկան 361 մայրերի: Կանանց բաժանել են երկու խմբի՝ մեկը ստացել է S-կետամինի, մյուսը՝ պլացեբոյի ներարկում ծննդաբերելուց մոտավորապես 40 րոպե անց:

Այնուհետև փորձի մասնակիցներին հարցեր են տվել իրենց վիճակի մասին՝ սկզբում ծննդաբերելուց 18-30 ժամ հետո, ապա մեկ շաբաթ անց և վերջապես՝ 42-րդ օրը: Ի վերջո, S-կետամին ստացած մայրերի միայն 6,7%-ն է ունեցել լուրջ դեպրեսիվ վիճակ՝ համեմատած պլացեբո ստացած կանանց 25,4%-ի հետ: Ճիշտ է, որոշ մայրեր ունեցել են կողմնակի բարդություններ կետամինի ներարկումից հետո՝ գլխապտույտ և առարկաները զույգ տեսնելու դեպքեր, սակայն բոլորի մոտ դրանք անհետացել են 24 ժամվա ընթացքում:

«S-կետամինի ներերակային մեկ չափաբաժինը բացառապես անվտանգ է, արդյունավետ և խնայատար այն կանանց համար, որոնք ծննդաբերությունից հետո ենթակա են նախածննդյան դեպրեսիայի վտանգին, - ասում է Օքսֆորդի համալսարանի հոգեբուժության դոցենտ Ռուպերտ Մաքշեյնը:- Մեծ Բրիտանիայում մեր առջև ծառացած խնդիրը դեպրեսիան վերահսկելու ուղիներ գտնելն է այնպես, որպեսզի ծավալուն դարձվի օգուտը և նվազագույնի հասցվի վտանգը»:

Կետամինը և դրա ածանցյալները հոգեբույժների ուշադրության կենտրոնում են արդեն մի քանի տարի։ Ինչ վերաբերում է հետծննդյան դեպրեսիային, ապա որոշ բժիշկներ այն անվանում են «կանխատեսելի»։

Իսկապես, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր տասներորդ երիտասարդ մայր ունենում է տխրության, տագնապի և հոգնածության ուժեղ զգացողություն: Այս վիճակը սովորաբար սկսվում է ծննդաբերելուց երկու-երեք օր հետո և կարող է տևել ամիսներ: Այլ ախտանիշներից են անքնությունը, ախորժակի կորուստը, խիստ դյուրագրգռությունը և երեխայի հետ շփվելու դժվարությունը: Հազվագյուտ դեպքերում կարող է զարգանալ ծանր խանգարում, որը հայտնի է հետծննդյան փսիխոզ անվանմամբ: Բուժման գոյություն ունեցող մեթոդները ներառում են հոգեթերապիա և/կամ հակադեպրեսանտներ, սակայն դրանց արդյունավետության համար մի քանի շաբաթ է պահանջվում:





© NEWS.am Medicine