Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ

08:27   24 ապրիլի, 2024

Որպես էլեկտրական դեֆիբրիլյացիայի մոդել, լուսային ազդակն օգտագործելով՝ Գյոթինգենի գիտնականները  սրտի հասանելիության և դրա աշխատանքը  կարգավորելու մեթոդ են մշակել: Այսկերպ Մաքս Պլանկի դինամիկայի և ինքնակազմակերպման ինստիտուտի (MPI-DS) և Գյոթինգենի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտական ​​թիմը ճանապարհ է հարթել սրտի ռիթմի խանգարումների արդյունավետ և անմիջական բուժման համար: Սա կարող է այլընտրանք լինել ներկայումս օգտագործվող ուժեղ և ցավոտ էլեկտրական հոսանքով ցնցմանը:

Սրտի ռիթմի խանգարումներին է բաժին հասնում ամբողջ աշխարհում տարեկան մահացությունների մոտ 15-20%-ը։ Սրտի ռիթմի սուր և կյանքին սպառնացող խանգարումների դեպքում կարող են օգտագործվել դեֆիբրիլյատորներ՝ սրտի նորմալ բաբախումը վերականգնելու համար: Ուժեղ էլեկտրական ազդակը հանգեցնում է սրտի գործունեության կարճատև դադարեցման՝  նորմալ գործունեությունը վերականգնելուց առաջ: Թեև այս բուժումը կարող է արդյունավետ լինել հիվանդի կյանքը փրկելու համար, սակայն ուժեղ էլեկտրական ազդակները կարող են ունենալ նաև բացասական կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են սրտի հյուսվածքի վնասումը կամ ուժեղ ցավը:

Հոդվածը հրապարակվել է Chaos: An Interdisciplinary Journal of Nonlinear Science ամսագրում:

Իրենց մեթոդը փորձարկելու համար գիտնականներն օգտագործել են գենետիկորեն ձևափոխված մկների սրտեր, որոնք խթանվել են լույսի միջոցով: Այս դեպքում օպտիկական լուսային ազդակների հաջորդականությունն արձակվում է փակ ցիկլի  խթանման ալգորիթմի կիրառմամբ: Յուրաքանչյուր ազդակ արձակվում է ի պատասխան չափված առիթմիկ ակտիվության: Օգտագործելով սրտի էլեկտրական խթնման այս արձանագրությունը՝ թիմը կարողացել է արդյունավետորեն վերահսկել և վերացնել սրտի առիթմիաները նույնիսկ էներգիայի ցածր ինտենսիվության դեպքում, որը չի ակտիվացնում սիրտը, այլ միայն կարգավորում է նրա գրգռվածությունը:

«Սրտի նորմալ ռիթմը վերականգնելու համար մեկանգամյա  բարձր էներգիայով ցնցում կիրառելու փոխարեն մենք օգտագործում ենք սրտի առիթմիայի դինամիկայի մեր պատկերացումը, որպեսզի այն մեղմորեն վերացնենք, - ասում է հետազոտության առաջին հեղինակ Սայեդե Հուսեյնին:-  Արդյունքում ստացվում է բուժման նուրբ մեթոդ՝ ազդակի համար էներգիայի շատ ավելի քիչ ծախսմամբ, ինչը ավելի քան 40 անգամ ավելի քիչ է ավանդական մեթոդի համեմատ»:

Հետազոտական ​​թիմը կօգտագործի այս արդյունքները  նաև էլեկտրական ազդակների միջոցով առիթմիայի վերահսկումը բարելավելու համար: Սա կարող է հանգեցնել նրան, որ ժամանակակից դեֆիբրիլյատորները  հիվանդների մոտ ավելի նվազ ցավ և կողմնակի բարդություններ առաջացնեն։





© NEWS.am Medicine