Հեռացրել են կնոջ թոքի կիստան, որն առաջացել էր որդերի պատճառով. ՌԴ առողջապահության նախարարություն

12:57   6 մայիսի, 2024

Վարակիչ հիվանդությունների Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վիրաբույժները փրկել են մակաբույծ որդերից առաջացած թոքի կիստայի պատճառով արնախորխում ունեցող կնոջ կյանքը։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «ВКонтакте» սոցցանցում։

32-ամյա կինը բժիշկներին էր դիմել, որովհետեւ արյուն էր թքում։ Համակարգչային տոմոգրաֆիան պարզել էր, որ նա կիստա ունի, որը տեղ էր զբաղեցրել նրա կրծքավանդակում։ Արյան ուսումնասիրությունը հակամարմինները պարզելու համար ցույց է տվել, որ կիստան առաջացել է էխինոկոկոզի ՝ էխինոկոկի մակաբույծ որդերից վարակման պատճառով։

Էխինոկոկոզով կարելի է վարակվել փողոցային կենդանիների հետ շփվելու, անտառային խոտեր եւ պտուղներ, ինչպես նաեւ վարակված ջուր օգտագործելու դեպքում։

Վիրահատության ընթացքում վիրաբույժները կիստայից հեռացրել են 2 լիտր հեղուկ, ինչից հետո հեռացրել են նորագոյացությունը։ Վիրահատությունն անցել է առանց բարդությունների, կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Բժիշկներն ընդգծել են, որ պացիենտը կարող էր իր հիվանդության մասին իմանալ մինչեւ լուրջ ախտանշանների ի հայտ գալը, եթե բժշկի մոտ պրոֆիլակտիկ բուժզննում անցներ։



© NEWS.am Medicine