Երեւանում մեկնարկել է հեմոսթազի հարցերով միջազգային գիտաժողովը՝ թրոմբոզների համաշխարհային օրվան ընդառաջ

15:15   11 հոկտեմբերի, 2014

Այս տարվա հոկտեմբերի 13-ին աշխարհում առաջին անգամ նշվելու է Թրոմբոզների համաշխարհային օրը, որին ընդառաջ Երեւանում այսօր մեկնարկել է «Հեմոսթազ. խնդիրներ եւ նվաճումներ» միջազգային գիտաժողովը:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանն է պատմել, Արյունաբանների հայկական ասոցիացիայի եւ Ռուսաստանի հեմոսթազիոլոգիայի ընկերակցության կողմից կազմակերպված այս գիտաժողովին հետեւում է ողջ աշխարհը, քանի որ այս գիտաժողովից է սկսում Թրոմբոզների համաշխարհային օրվա «բացումը»: Մասնավորապես, գիտաժողովը գտնվում է Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի եւ Թրոմբոզների միջազգային ընկերակցության ուշադրության կենտրոնում:

Պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի փոխանցմանբ՝ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են արյան մակարդման համակարգի հիվանդությունները, մասնավորապես` թրոմբոզները, որոնք այսօր շատ լուրջ խնդիր են աշխարհի բոլոր երկրներում եւ երիտասարդ տարիքում կարող են ծանր հետեւանքների հանգեցնել ու հաշմանդամության պատճառ դառնալ: Թրոմբոզների ճիշտ ախտորոշումը եւ բուժումը մակարդման խանգարումներով տառապող շատ հիվանդների հնարավորություն կտա լիարժեք, առողջ կյանքով ապրել:

«Այսօրվա գիտաժողովը հնարավորություն կընձեռի ծանոթանալ թրոմբոզների ախտորոշման եւ բուժման արդի մեթոդներին եւ մեր պացիենտների բուժումը էլ ավելի արդյունավետ դարձնել», - ասել է պրոֆեսոր Դաղբաշյանը:

Գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ մասնագետներ եվրոպական երկրներից, Ռուսաստանից եւ իհարկե Հայաստանից՝ Երեւանից եւ մարզերից:

Գիտաժողովը երեք օր է տեւելու, եւ զեկույցներից բացի նախատեսված են նաեւ սաթելիտային կոնֆերանսներ՝ սրտաբանների եւ մանկաբարձ-գինեկոլոգների համար, քանի որ այս մասնագետներն իրենց պրակտիկայում ավելի հաճախ են առնչվում թրոմբոզների եւ դրանց պատճառով առաջացող խնդրի հետ:



© NEWS.am Medicine