Սննդի մեջ քսիլիտի բարձր մակարդակը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը

11:37   9 հունիսի, 2024

Քլիվլենդի կլինիկայի գիտնականները պարզել են, որ շաքարային սպիրտի բաղադրիչ ունեցող քսիլիտի  բարձր պարունակությունը կապված է սրտանոթային այնպիսի իրադարձությունների վտանգի հետ, ինչպիսիք են սրտի նոպան և ինսուլտը:

Բժշկական գիտությունների դոկտոր Սթենլի Հեյզենի գլխավորած գիտնականների թիմը հաստատել է այս կապը հիվանդների, մոդելների նախակլինիկական ուսումնասիրությունների և կլինիկական միջամտությունների լայնածավալ վերլուծության ընթացքում:

Արդյունքները հրապարակվել են European Heart Journal-ում:

Քսիլիտը շաքարի տարածված փոխարինող է, որն օգտագործվում է առանց շաքարի կոնֆետներում, մաստակում, թխածքներում և բերանի խոռոչի համար նախատեսված ապրանքներում, ինչպիսին ատամի մածուկն է: Վերջին տասնամյակում զգալիորեն աճել է շաքարի փոխարինիչների, այդ թվում՝ շաքարային սպիրտերի և արհեստական ​​քաղցրացուցիչների օգտագործումը վերամշակված սննդամթերքներում, որոնք գովազդվում են որպես օգտակար այլընտրանքներ:

Անցյալ տարի նույն հետազոտական ​​թիմը նմանատիպ կապ էր հայտնաբերել էրիթրիտի և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականության միջև: ԱՄՆ-ում կետո կամ առանց շաքարի սննդամթերքներում քսիլիտն այդքան տարածված չէ, որքան էրիթրիտը, բայց այն լայն տարածում ունի այլ երկրներում:

Այս նոր ուսումնասիրության մեջ, որը հիմնված է ԱՄՆ-ում և Եվրոպայում ավելի քան 3000 հիվանդի տվյալների վերլուծության վրա, հետազոտողները պարզել են, որ շրջանառվող քսիլիտի բարձր մակարդակը կապված է սրտանոթային բարդությունների երեքամյա բարձր ռիսկի հետ:

Արյան պլազմայում քսիլիտի առավել բարձր մակարդակ ունեցող հիվանդների մեկ երրորդի մոտ սրտանոթային բարդությունների հավանականությունն ավելի բարձր է եղել։ Ստացված արդյունքները հաստատելու համար հետազոտական ​​թիմը նախակլինիկական փորձարկումներ է իրականացրել և պարզել, որ քսիլիտը թրոմբոցիտների մակարդում է առաջացնում և մեծացնում թրոմբոզի վտանգը:

Հետազոտողները նաև հետևել են թրոմբոցիտների ակտիվությանը այն մարդկանց մոտ, որոնք  քսիլիտով ըմպելիքներ են խմել՝ համեմատած գլյուկոզայով ըմպելիքներ օգտագործողների հետ և պարզել են, որ մակարդման ունակության յուրաքանչյուր չափանիշ էականորեն մեծանում է քսիլիտի ընդունումից անմիջապես հետո, բայց ոչ գլյուկոզայից հետո: Հեղինակները նշում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, որոնք կգնահատեն սիրտ-անոթային համակարգի համար քսիլիտի երկարաժամկետ անվտանգությունը:





© NEWS.am Medicine