19:03 9 հունիսի, 2024Չիլի պղպեղը կծու և անուշաբույր պղպեղ է, որն օգտագործվում է աշխարհի բազմաթիվ խոհանոցներում:
Այն պատկանում է Capsicum սեռին, որին վերաբերում են բուլղարական պղպեղը, հալապենիոն և հաբաներոն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ չիլի պղպեղում պարունակվող հիմնական կենսաակտիվ միացությունը՝ կապսաիցինը, առողջության, հատկապես սրտանյութափոխանակության առողջության համար խոստումնալից օգտակարություն ունի։
Եղած տվյալները վկայում են, որ այն կարող է օգնել ճարպակալման, շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում:
Սակայն մի քանի լայնածավալ դիտողական ուսումնասիրություններ, ներառյալ Չինաստանի գյուղական շրջաններում անցկացված խաչաձև հատվածային ուսումնասիրությունը, զգալի կապ են գտել կծու սննդի օգտագործման հաճախականության և ճարպակալման ընդհանուր մակարդակի միջև:
Այս առումով հարց է առաջանում․ արդյո՞ք չիլի պղպեղ ուտելը նվազեցնում թե մեծացնում է ճարպակալման վտանգը:
Սա պարզելու համար Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ հետազոտվել է չիլի պղպեղի օգտագործման և ամերիկացիների շրջանում ճարպակալման հավանականության միջև կապը:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ չիլի պղպեղի հաճախակի օգտագործումը կապված է մարմնի զանգվածի առավել բարձր ինդեքսի (BMI) և ճարպակալման վտանգի հետ, հատկապես կանանց և 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ:
Գիտնականները նաև պարզել են, որ մարդկանց մոտ 30%-ը, որոնք հազվադեպ են ուտում չիլի պղպեղ, ճարպակալում ունեն՝ համեմատած այն մարդկանց մոտ 35%-ի հետ, որոնք ժամանակ առ ժամանակ են չիլի պղպեղ ուտում և մարդկանց մոտ 38%-ի, որոնք չիլին հաճախակի են օգտագործում: