ԱՊՀ երկրների ստոմատոլոգների XII համագումարը մեկնարկել է Երեւանում

13:49   13 հոկտեմբերի, 2014

Երեւանում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ստոմատոլոգների XII համագումարը, որի ընթացքում նախատեսված են գիտական զեկույցներ եւ մասնագիտական դասընթացներ, որոնք անցկացնելու են այն երկրներից ժամանած հայտնի մասնագետները։  

«Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի» նախագահ Աշոտ Գեւորգյանը լրագրողներին պատմել է այն մասին, որ այսօր տեղի է ունենալու նաեւ ԱՊՀ երկրների ստոմատոլոգիական ասոցիացիաների նախագահների նիստը, որտեղ քննարկվելու են մի շարք կազմակերպչական հարցեր եւ խնդիրներ։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին կազմակերպչական կոմիտեի անդամ Վիկտոր Մելքումովն է պատմել, համաժողովին մասնակցում են 50-ից ավելի հյուրեր՝ 14 երկրներից, որոնց թվում Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը։ Ներկա են նաեւ բազմաթիվ հայ մասնագետներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Լեռնային Ղարաբաղից։

Ռուսաստանի դաշնության Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ, Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ռեկտոր Օլեգ Յանուշեվիչը նույնպես Հայաստան է ժամանել՝ համագումարին մասնակցելու համար։ Նրա խոսքով, այս միջոցառումը շատ կարեւոր է, քանի որ հնարավորություն է տալիս ատամնաբուժական ոլորտի նորությունների փոխանակում կատարել եւ համադրել փոփոխությունները ԱՊՀ երկրներում։



© NEWS.am Medicine