Թոքերի քաղցկեղը մինչեւ 20 տարի կարող է գաղտնի՞ մնալ

14:49   13 հոկտեմբերի, 2014

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ թոքերի քաղցկեղը կարող է մինչեւ 20 տարի գաղտնի մնալ. ահա թե ինչու է այն ողջ աշխարհում քաղցկեղի ամենամահացու տեսակը համարվում:

«Թոքերի քաղցկեղի հետ կապված ամենալուրջ խնդիրն այն է, որ հաճախ չափազանց ուշ է ախտորոշվում», - նշել է Լոնդոնի գիտահետազոտական ինստիտուտի օնկոլոգիական հետազոտությունների բաժնի պրոֆեսոր, հետազոտության հեղինակ Չարլզ Սվանտոնը:

Science ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, գիտնականները պարզել են, որ նախնական գործոնի, առավել հաճախ՝ սիգարետի ծխի ազդեցությամբ թոքերի քաղցկեղ առաջացնող գենետիկ խախտումները՝ մուտացիաները ադապտացվելու եւ տարիներ անց գոյանալիք ուռուցքին տարբեր՝ ինքնատիպ հատկանիշներ փոխանցելու ներուժ են ձեռք բերում: FoxNews-ի հաղորդմամբ, եզրահանգման համար ծխող, ծխելու սովորություներից հրաժարված եւ չծխող 7 հիվանդների մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքներն են հիմք ծառայել:

Հոդվածի համաձայն, հիվանդներից երկուսը հետազոտության մեկնարկից 20 տարի առաջ են վնասակար սովորությունից հրաժարվել: Պրոֆեսոր Սվանտոնի գլխավորությամբ գործող գիտնականները պարզել են, որ սիգարետի ծուխը որոշակի սպի է թողնում մուտացիաների գենոմի վրա, որի օգնությամբ վերջիններս քաղցկեղի զարգացման ողջ ընթացքում տեղի ունեցող գենետիկ փոփոխությունների ժամանակացույցը կազմելու հնարավորություն են ձեռք բերում:

Այդուհանդերձ, թեեւ երկու հիվանդների պարագայում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ առկա մուտացիաների մեծ մասը ծխելու սովորության հետեւանք են, ապացուցվել է նաեւ, որ հիվանդության զարգացման առավել ուշ փուլերում APOBEC անվամբ հայտնի էնզիմը գերազանցում է ծխին՝ հրահրված մուտացիաների թվով: «Մեզ համար դեռեւս պարզ չէ, թե ինչու է այդպես: Միգուցե պատճառը կրկին սիգարետն է», - մեկնաբանել է հետազոտության հեղինակը:

APOBEC-ը գլխավորապես վիրուսները մուտացիայի ենթարկելու գործառույթով է աչքի ընկնում, սակայն թոքերի քաղցկեղի պարագայում, գիտահետազոտական խմբի անդամներից մեկի՝ Նիկ ՄաքԳրանահանի մեկնաբանմամբ, էնզիմն ինքն է ախտահարված բջիջների զոհը դառնում:

Գիտնականների համոզմամբ, հետազոտության արդյունքները ծխելու սովորության արդյունքում պատճառված վնասի խորությունն են վեր հանում, ինչը նաեւ թիրախային բուժման՝ ներկայումս կիրառվող եղանակների սահմանափակ արդյունավետությունն է բացատրում:

Գիտահետազոտական խմբի անդաները նաեւ հիշեցրել են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, քաղցկեղի այս տեսակը ողջ աշխարհում օրական կարող է մինչեւ 4300 մարդ սպանել: 

«Եթե որեւէ կերպ կարողանանք ախտորոշումն ավելի վաղ փուլերում իրականացնել, միգուցե հաջողվի նաեւ մուտացիաների հետագա զարգացումը կանխող թիրախային բուժում գտնել», - նշել է գիտահետազոտական խմբի մեկ այլ անդամ՝ Էլիզա Դե Բրույնը՝ հույս հայտնելով, որ հետագա հետազոտությունները կարող են արյան մեջ ուռուցքի ԴՆԹ հայտնաբերելու եւ հիվանդությունը վաղ ախտորոշելու միջոց պարգեւել: 

«Դա պետք է այն ժամանակ արվի, երբ նույնիսկ համակարգչային տոմոգրաֆիան ոչինչ չի գտնում», - մեկնաբանել է դոկտոր Սվանտոնը:



© NEWS.am Medicine