Աշխարհում ամեն երրորդ մարդը տառապում է այս կամ այն ալերգիկ հիվանդությամբ. ալերգոլոգ

08:27   4 հուլիսի, 2024

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում աճել է ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը, Հայաստանն  էլ բացառություն չէ: Այս մասին NEWS.am Medecine-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգ Կրիստինա Ջամալյանը՝ նշելով, որ դրա պատճառները տարբեր են, սակայն գլխավոր պատճառը մթնոլորտի աղտոտվածությունն է:

«Աշխարհում ամեն երրորդ մարդը տառապում է այս կամ այն ալերգիկ հիվանդությամբ.դա սարսափելի ցուցանիշ է: Ամենատարածված ալերգիկ հիվանդությունը քթաբորբն է: Ամեն օր 15-20 հիվանդ ենք ունենում՝ շնչառական ուղիների ալերգիկ ախտահարումով»,-ասաց ալերգոլոգը: 

«Օդի աղտոտվածության հետևանքով հատկապես տարածվում են քթաբորբը, ասթմատիկ բրոնխիտը, բրոնխիալ ասթման, ախտահարվում են և՛ վերին, և՛ ստորին շնչուղիները:  Ալերգիաները արտահայտվում են նաև մաշկային երևույթներով՝ ալերգիկ կոնտակտային մաշկաբորբի տեսքով:  Օդի ախտոտվածությունը նպաստում է բոլոր ալերգիկ հիվանդությունների տարածմանը: Գարնան և ամռան ամիսներին առավել նկատելի է արտահայտվածությունը, բայց աշնանն ու ձմռանը դրանց տարածումը նույնպես հնարավոր է»:

Կրիստինա Ջամալյանի խոսքով, արդյունաբերական և շինարարական փոշին ևս ալերգիայի սրման գլխավոր պատճառներից են:  Այդ պատճառով եվրոպական երկրներում խիստ սահամանափակումներ են դրվում սննդային և արդյունաբերական ցանկացած ոլորտում, որովհետև քիմիական թափոնները, ամենուր իրականացվող շինարարությունն ազդում են օրգանիզմի վրա:

«Խնդրի լուծման տարբերակներից մեկը արդյունաբերական և շինարարական նորմերի վերանայումն է: Շինհրապարակները պետք է փակված լինեն, ինչի արդյունքում փոշին հնարավորինս քիչ կտարածվի: Շատ դեպքերում արդյունաբերական թափոնների արտանետումը  իրականացվում է բնության մեջ, պետք է նաև այդ նորմերը վերանայվեն»,-ասաց նա:

 



© NEWS.am Medicine