Սրտի կանգ վերապրած կանայք ավելի հաճախ են տառապում տագնապի զգացումից կամ ճնշվածությունից. CCQO

20:33   9 հուլիսի, 2024

Նոր հետազոտությամբ պարզվել է, որ սրտի կանգ վերապրած կանայք ավելի շատ են հակված տառապելու տագնապի զգացումից կամ ճնշվածությունից, քան սրտի կանգ վերապրած տղամարդիկ:

«Սրտի կանգի հնգամյա առողջության հետևանքներին առնչվող տվյալները ցույց են տվել, որ հակադեպրեսանտ դեղորայքների նշանակումը 50%-ով աճն է առաջին տարում առավելապես դիտվել է կանանց շրջանում, ինչը չի նկատվել տղամարդկանց շրջանում», - նշել է Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոնի դոկտորանտ, հետազոտող Ռոբին Սմիթսը:

Հինգ տարի անց այդ աճը կրճատվել է՝ հասնելով դեղատոմսերի շուրջ 20% աճի:

«Թեև հստակ հասկանալու համար՝ ինչու է դա տեղի ունենում, անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություններ անենք, արդեն կարող ենք ասել. դա վկայում է նրա մասին, որ կանայք սրտի կանգից հետո համարժեք սատարում չեն ստանում», - ասում է Սմիթսը:

Հետազոտությունն անցկացնելու նպատակով գիտնականները վերլուծել են Նիդեռլանդներում սրտի կանգ վերապրած 1250 հիվանդների (միջին տարիքը՝ 53 տարեկան) տվյալները: Նրանք նաև պարզել են, որ սրտի կանգ վերապրածներն, ամենայն հավանականությամբ, հետագայում ֆինանսական խնդիրներ են ունենում:

Նոր հետազոտությունը հրապարակվել է Circulation Cardiovascular Quality and Outcomes. գիտաբժշկական հանդեսում:

Ավելի վաղ նույն խմբի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ սրտի կանգից հետո կանայք ավելի երկար են ապրել, քան տղամարդիկ: «Այս երկու ուսումնասիրությունները համադրելով՝ տեսնում ենք, որ սրտի կանգի հետևանքների տարբերությունը սեռով է պայմանավորված», - ընդգծել է Սմիթսը: «Թեև ավելի հավանական է, որ սրտի կանգից հետո կանայք ավելի երկար ապրեն, սակայն նրանք, ըստ ամենայնի, հոգեկան առողջությանն առնչվող խնդիրներ են ունենում»,-հավելել է գիտնականը:



© NEWS.am Medicine