10:27 18 հուլիսի, 2024Կլինիկական փորձարկումները հաստատել են լենակապավիր ներարկվող դեղամիջոցի 100 տոկոս արդյունավետությունը ՄԻԱՎ-ից պաշտպանվելու համար, տեղեկացրել է New Atlas-ը։
Լենակապավիրը կապսիդի ինհիբիտոր է, որը ներարկվում է տարեկան երկու անգամ։ Կապսիդ են անվանում վիրուսի շուրջ առկա սպիտակուցային թաղանթը։ Այն հարկավոր է վիրուսին բջիջ թափանցելու համար։ Դեղամիջոցը կանխում է ՄԻԱՎ-ը եւ թույլ չի տալիս օգտագործել կապսիդը։
Ավելի վաղ ստեղծվել էին հիվանդության դեմ այնպիսի միջոցներ, ինչպիսին են Descovy-ն եւ Truvada-ն։ Դրանք գործում են այլ սկզբունքով՝ արգելակում հակառակ տրանսկրիպտազը, այսինքն՝ ֆերմենտը, որը վիրուսն օգտագործում է ինքնարտադրման համար։ Միջոցների թերությունն այն է, որ դրանք պետք է ընդունել ամեն օր։ Նաեւ դրանց արդյունավետությունն է ավելի ցածր, քան լենակապավիրինը։
Լենակապավիրը ստեղծել է Gilead Sciences ընկերությունը։ Հետազոտություններն իրականացվել են Ուգանդայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Փորձարկվողներից 5 300-ը 16-25 տարեկան աղջիկներ եւ կանայք էին։ Լենակապավիր ստացող կանանց մեջ չի գրանցվել ՄԻԱՎ-ի ոչ մի դեպք Truvada-ի խմբի 16 եւ Descovy խմբի 39 դեպքերի համեմատ։
Ներկայում լենակապավիրի եւ Descovy-ի կլինիկական փորձարկումները շարունակվում են։ Դեղամիջոցները դեռ պաշտոնական հավանության չեն արժանացել։