Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության հետ կապված տկարամտության վտանգի երկու նոր գործոն են բացահայտել

08:37   23 օգոստոսի, 2024

Հետազոտողները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության վտանգի երկու նոր գործոն՝ տեսողության խանգարման չբուժումը և LDL-ի (այսպես կոչված՝ «վատ» խոլեստերինի)  բարձր մակարդակը, գրում է Fox News-ը։

Ուսումնասիրությունը, որն անցկացրել են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները, հրապարակվել է The Lancet ամսագրում: Արդյունքները ներկայացվել են նաև հուլիսի 31-ին Ֆիլադելֆիայում Ալցհեյմերի ասոցիացիայի միջազգային համաժողովում (AAIC):

Տեսողության կորուստը և LDL-ի բարձր մակարդակը լրացնում են 2020 թվականին գիտնականների կողմից բացահայտված դեմենցիայի 12 այլ ռիսկային գործոնների ցանկը, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

12 գործոնների թվում են  լսողության կորուստը, կրթության ցածր մակարդակը, ծխելը, հիպերտոնիան, ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, դեպրեսիան, շաքարախտը, ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, օդի աղտոտվածություն, գլխի վնասվածքները և սոցիալական մեկուսացումը:

Այս 14 գործոնները միասին պատասխանատու են աշխարհում դեմենցիայի դեպքերի մոտ կեսի համար, ասում են հետազոտողները: Սա նշանակում է, որ եթե դրանք լուծվեն, հիվանդությունը հնարավոր կլինի կանխել:





© NEWS.am Medicine