12:19 28 օգոստոսի, 2024Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել հղիության ժամանակ ծխելու եւ երեխաների դպրոցական գնահատականների միջեւ։ Հետազոտությունը հրապարակվել է Addictive Behaviors (AddBehv) գիտական ամսագրում։
Թիմն ուսումնասիրել է 723 877 մարդու տվյալները եւ եկել այն եզրահանգման, որ մինչեւ ծնվելը ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկված երեխաները 49 տոկոսով ավելի հաճախ են ուսման վատ առաջադիմություն ցուցաբերում համադասարանցիների համեմատ, որոնց մայրերը հղիության ժամանակ չեն ծխել։
Վիճակագրության համաձայն՝ միայն Ավստրալիայոմ մինչեւ 2021թ. ծննդաբերած կանանց 8,7 տոկոսը ծխել է հղիության որոշակի շրջաններում։
«Հայտնի է, որ հղիության շրջանում ծխելը առաջ է բերում այդ վիճակի բազմաթիվ բարդություններ, ներառյալ վիժելու մեծ հավանականությունը, մեռելածնությունը, երեխայի աճի եւ զարգացման դանդաղումը, ինչպես նաեւ լուրջ բնածին արատներ։ Այն նաեւ կարող է աննպաստ հետեւանքներ ունենալ հոգեկան առողջության համար եւ առաջ բերել առօրեական խնդիրներ։
Մեր նոր հետազոտությունը լրացնում է այս ամենը՝ ցույց տալով, որ մոր ծխելը հղիության ընթացքում զգալի վտանգ է պարունակում երեխայի համար, որը կարող է վատ առաջադիմություն ունենալ այդ պատճառով, ինչի հետեւանքով նա դպրոցում զգալիորեն հետ կմնա հասակակիցներից»,- նշել են գիտական աշխատանքի հեղինակները։