00:27 14 սեպտեմբերի, 2024Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի (UEF) գիտնականները պարզել են, որ մանկության տարիներին ճիշտ սնվելը և ֆիզիկական ակտիվությունը մեծ ազդեցություն են ունենում նյութափոխանակության և սրտանոթային առողջության վրա՝ նույնիսկ ապրելակերպի փոփոխությունից տարիներ անց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, որոնք մանկության և պատանեկության տարիքում հավատարիմ են եղել առողջ ապրելակերպի սկզբունքներին: Գիտնականները լաբորատոր անալիզի համար կամավորներից արյան նմուշներ են հավաքել։ Հետազոտողները կենտրոնացել են փոփոխությունների որոնման վրա մոլեկուլային մեխանիզմներում, որոնք ընկած են ֆիզիկական բարեկեցության վրա ճիշտ սննդի և սպորտի բարերար ազդեցության հիմքում:
Արյան նմուշները վերլուծելիս հետազոտողները կարողացել են բացահայտել 80 մետաբոլիտների (կենդանի բջիջներում նյութափոխանակության միջանկյալ նյութեր) փոփոխություններ այն կամավորների մոտ, որոնք նախկինում հետևել են առողջ ապրելակերպին: Այս փոփոխությունները կապված են եղել սրտանոթային և նյութափոխանակության խանգարումներով հիվանդությունների (շաքարախտ, ճարպակալում, ինֆարկտ, աթերոսկլերոզ) զարգացման հավանականության նվազման, օրգանիզմում մարսողության և ճարպային նյութափոխանակության բարելավման, ինչպես նաև բորբոքման մակարդակի նվազման հետ:
Գիտնականները նշել են, որ առավել նկատելի փոփոխությունները տեղի են ունեցել ճարպային ամիդներում, քաշի վերահսկմանը, ուտելու վարքի, քնի ինդուկցիայի, ցավի, տագնապի և զարկերակների աշխատանքի կարգավորմանը մասնակցող մոլեկուլներում:
Հետազոտողներն ընդգծել են, որ 80 մետաբոլիտներից 17-ը փոփոխված են մնացել նույնիսկ ապրելակերպի փոփոխությունից ութ տարի անց: Այդուհանդերձ, օրգանիզմի համար առավել նկատելի օգուտը պահպանվել է առաջին երկու տարվա ընթացքում: