5 առասպել լյարդի առողջության մասին

17:10   18 սեպտեմբերի, 2024

Ի՞նչ դեր է կատարում լյարդը օրգանիզմի կենսագործունեության պահպանման մեջ: Կարո՞ղ է այն վնասվել, և արդյո՞ք այն պետք է մաքրել:

Մենք փորձել ենք հավաքել հասարակության մեջ լյարդի աշխատանքի վերաբերյալ ամենատարածված համոզմունքները և մեկնաբանել գիտական ​​տեսանկյունից։

Առասպել N1

Լյարդը ֆիլտր է, որի մեջ կուտակվում են թափոններն ու տոքսինները։

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Այս կարծիքը չենք կարող անվանել 100% առասպել։ Լյարդն իսկապես կարելի է անվանել մարդու մարմնի ֆիլտր (նման կերպ մարդու սիրտը կոչվում է պոմպ, իսկ ուղեղը՝ համակարգիչ)։ Այնուամենայնիվ, շատերը սա չափազանց բառացի են ընդունում:

Իսկապես, մարմնի ամբողջ արյունը օրական շատ անգամ անցնում է լյարդով: Բայց լյարդի բջիջները մաղի պես չեն աշխատում՝ որոշ նյութեր պահելով, իսկ մյուսներին թողնելով արյան մեջ։ Լյարդում մարսողության և նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերի չեզոքացումը տեղի է ունենում մի շարք կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում։ Այդ պրոցեսի մեջ ներգրավված են հատուկ սպիտակուցներ՝ ֆերմենտներ: Այսինքն՝ առողջ լյարդը օրգանիզմի համար վտանգավոր միացությունները վերածում է անվտանգի՝ չեզոքացնելով թունավոր նյութերը։

Առասպել N2

Ժամանակ առ ժամանակ լյարդը պետք է «մաքրել»

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

«Եթե ​​լյարդը «ֆիլտր» է, ապա այն կարող է և պետք է պարբերաբար «մաքրվի»։

Այս կարծիքը բավականին տարածված է։ Ինտերնետում դուք կարող եք գտնել հսկայական քանակությամբ դեղամիջոցներ (այդ թվում՝ բուսական), բաղադրատոմսեր և խորհուրդներ, որոնք, ենթադրաբար, կօգնեն արագ մաքրել լյարդը թույներից և տոքսիններից:

Սակայն, ինչպես արդեն տեսանք, թունավոր նյութերը չեն կուտակվում լյարդում։ Մտնելով հեպատոցիտներ (լյարդի բջիջներ)՝ դրանք չեզոքացվում են և արտազատվում օրգանիզմից։ Հետևաբար, ըստ էության, լյարդը «մաքրելու» կարիք չկա։

Լյարդի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում պահպանել նորմալ քաշը, չանտեսել ֆիզիկական ակտիվությունը, հնարավորության դեպքում օգտագործել առողջ սնունդ և չչարաշահել ալկոհոլը1:

Առասպել N3

Եթե աջ ենթակողում ցավ չկա, ապա ամեն ինչ կարգին է

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

Լյարդի հիվանդությունները չունեն միանշանակ նկարագրող ախտանիշ։ Աջ կողատակում ցավը կարող է լինել լյարդի հիվանդության նշաններից մեկը կամ կարող է լինել լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ աղիքների հետ կապված խնդիրների դրսևորում։ Համապատասխանաբար, չպետք է կենտրոնանաք մեկ ախտանիշի վրա, երբ կասկածում եք որևէ հիվանդություն։

Լյարդի հիվանդության ընդհանուր նշանը դեղնախտն է՝ սկլերայի, մաշկի և լորձաթաղանթների դեղնացում, ինչպես նաև սրտխառնոց, ծանրություն և անհարմարություն աջ ենթակողի շրջանում, թուլություն և ախորժակի բացակայություն:

Բայց հաճախ լյարդի շատ լուրջ հիվանդություններն անգամ ընդհանրապես չեն արտահայտվում, քանի դեռ օրգանում անդառնալի փոփոխություններ չեն եղել։

Հետեւաբար, լյարդի վիճակը վերահսկելու համար ավելի լավ է չանտեսել կանոնավոր հետազոտությունները։ Հատկապես , եթե դուք գտնվում եք ռիսկի խմբում և ունեք հետևյալ գործոններից որևէ մեկը․

 

Եթե դուք ունեք վերը նշված գործոններից որևէ մեկը, ապա պետք է վեց ամիսը մեկ անցնել լյարդի ուլտրաձայնային հետազոտություն և ստուգել արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակը, խորհրդակցելով թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի հետ։

Առասպել N4.

Լյարդի հետ կապված խնդիրները հազվադեպ են այն մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ալկոհոլը:

Առասպել.

Եթե ցանկացած մարդու հարցնել, թե որն է լյարդի հիվանդության հիմնական պատճառը, կպատասխանի. «Ալկոհոլ»: Այո, ալկոհոլի սիստեմատիկ չարաշահումը ռիսկի գործոններից մեկն է, բայց ոչ միակը։

Վերջին տարիներին ավելի հաճախակի է դառնում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը1, որը ոչ միայն խաթարում է լյարդի աշխատանքը, այլև մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:

Քրոնիկ B և C հեպատիտները նույնպես տարածված են և փոխանցվում են պարենտերալ ճանապարհով, այսինքն՝ արյան միջոցով։ Այս վիրուսներով հնարավար է վարակվել վատ ախտահանված գործիքներ օգտագործելիս մատնահարդարման, դաջվածքների և բժշկական պրոցեդուրաների ժամանակ: Դուք կարող եք նաև վարակվել հեպատիտ B-ով և C-ով անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ: Նոր ախտորոշված յարդի քաղցկեղի պատճառների  50%-ից ավելին կազմում են վիրուսային հեպատիտները2,3:

Հնարավոր են նաեւ լյարդի ժառանգական հիվանդություններ։

Այսպիսով, ալկոհոլը լյարդի խնդիրների պատճառներից մեկն է։ Բայց ոչ միակը։ Որոշ դեպքերում հիվանդությունները առաջանում են այլ պատճառներից և անկախ ալկոհոլի ընդունումից:

Առասպել N5.

Հեպատոպրոտեկտորները վերականգնում են լյարդը

Իհարկե, հաճելի է հավատալ, որ կան կախարդական դեղամիջոցներ, որոնք հրաշքով վերականգնում են լյարդի վնասված կառուցվածքը։

Հեպատոպրոտեկտորներին վերագրվում են բազմաթիվ դրական ազդեցություններ. այդ նյութերը ենթադրաբար մտնում են հեպատոցիտի (լյարդի բջջի)  թաղանթի կառուցվածքի մեջ, արագացնում են կենսաքիմիական ռեակցիաները՝ քայքայելով տոքսինները, և նպաստում են լյարդի հյուսվածքի վերականգնմանը: Սա իրոք ճի՞շտ է:

Մինչ օրս գոյություն չունեն լուրջ, խոշոր կլինիկական հետազոտություններ, որոնց ժամանակ հավաստիորեն ապացուված է հեպատոպրոտեկտորների արդյունավետությունը լյարդի ախտահարման կանխարգելման և լյարդի ֆունկցիայի բարելավման կապակցությամբ։ Այդ իսկ պատճառով հեպատոպրոտեկտորները չեն նշվում լյարդի հիվանդությունների բուժման Եվրոպական և Ամերիկյան ուղեցույցերում։

Չկան ուսումնասիրություններ այն մասին, թե արդյոք հեպատոպրոտեկտորները կարող են նվազեցնել ալկոհոլի վնասակար ազդեցությունը լյարդի վրա:

Բացի այդ, գրեթե 20 տարի առաջ կատարված մեծածավալ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռուստատեսությամբ ակտիվորեն գովազդվող ֆոսֆոլիպիդները չեն կարող ունենալ դրական ազդեցություն լյարդի ալկոհոլային հիվանդության ընթացքի վրա4:

Այսպիսով՝

Լյարդի հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդն առողջ ապրելակերպն է․

Սեպտեմբերը՝ Հեպատոցելուլյար կարցինոմայի իրազեկման ամիսն է:

Անցեք լյարդի սկրինինգ՝ եթե ունեք ռիսկի որևէ գործոն։

Վաղ հայտնաբերումը ՝ արդյունավետ բուժման գրավականն է։

Գրականություն

  1. Лазебник Л. Б., Голованова Е. В., Туркина и соавт. Неалкогольная жировая болезнь печени у взрослых: клиника, диагностика, лечение. Рекомендации для терапевтов, третья версия. Экспериментальная и клиническая гастроэнтерология. 2021;185(1): 4–52. DOI: 10.31146/1682-8658-ecg-185-1-4-52
  2. Официальный сайт The Global Cancer Observatory. Cancer cases (all infectious agents) among both sexes in 2018 attributable to infections, in the world. (Электронный ресурс) URL: https://gco.iarc.fr/causes/infections/tools-pie?mode=2&sex=0&population=who&continent=0&country=0&population_group=0&cancer=0&key=attr_cases&lock_scale=0&pie_mode=1&nb_results=5 (дата обращения: 12.02.2022 года).
  3. Bray F., Ferlay J., Soerjomataram I. et al., Global cancer statistics 2018: GLOBOCAN estimates of incidence and mortality worldwide for 36 cancers in 185 countries. CA: a cancer journal for clinicians, 68(6), 394-424, 2018. doi: 10.3322/caac.21492. (Электронный ресурс) URL: https://www.politico.eu/wp-content/uploads/2018/09/caac_21492_Final_Embargoed.pdf (дата обращения: 12.02.2022 года).
  4. Lieber C. S., Weiss D. G., Groszmann R. et al., Veterans Affairs Cooperative Study 391 Group. (2003). II. Veterans Affairs Cooperative Study of polyenylphosphatidylcholine in alcoholic liver disease. Alcoholism: Clinical and Experimental Research, 27(11), 1765-1772. https://doi.org/10.1097/01.ALC.0000093743.03049.80. (Электронный ресурс) URL: https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1097/01.ALC.0000093743.03049.80 (дата обращения: 12.02.2022 года).

 



© NEWS.am Medicine