Ծխելը քայքայում է սիրտը, իսկ վեյփինգը՝ անոթները. JAHA

10:11   15 հոկտեմբերի, 2024

Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ ավանդական ծխախոտը բացասական ազդեցություն է գործում սրտի աշխատանքի վրա, իսկ էլեկտրոնայիններն ավելի մեծ վնաս են պատճառում անոթներին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association-ում (JAHA)։

Փորձի շրջանակում գիտնականները մաքրված օդի, առանց նիկոտինի էլեկտրոնային ծխախոտի գոլորշիների եւ ավանդական ծխախոտի ծխի ու նիկոտինային վեյփերի գոլորշիների ազդեցությանն են ենթարկել մեծահասակ էգ եւ արու առնետներին։ Դրանից հետո հետազոտողները գնահատել են ձախ փորոքի (սրտի խցերից մեկը) ֆունկցիան եւ յուրաքանչյուր կենդանու զարկերակների վիճակը։

Արդյունքները ցույց են տվել, որ նիկոտին պարունակող էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդել անոթների առողջության եւ զարկերակային համակարգի հետ ձախ փորոքի փոխգործակցության վրա։ Հայտնաբերվել է նաեւ, որ ավանդական ծխախոտները ավելի շատ են վատացրել ձախ փորոքի ֆունկցիան։

Սրտի ձախ փորոքը թթվածնով հարստացված արյուն է մղում արյան շրջանառության մեջ։ Արյան մղման արդյունավետության կորուստը հանգեցնում է օրգանիզմի բջիջների թթվածնային քաղցի։ Դա հատկապես վտանգավոր է գլխուղեղի բջիջների համար։

Գիտնականների խոսքով՝ նիկոտինային գոլորշիներ շնչելն առաջացնում է անոթային համակարգի արագացված ծերացում։ Հետազոտողները նշել են, որ նման վտանգի կարող են ենթարկվել ոչ միայն կենդանիները, այլեւ մարդիկ։



© NEWS.am Medicine