16:08 24 հոկտեմբերի, 2024Ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծում արհեստական բանականությունը վերարտադրողական բժշկության ոլորտում։ Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ անպտղության բուժման ժամանակ վիրահատական միջամտությունների պատճառով։ Ի՞նչ ռիսկեր է պարունակում կանանց ձվարանների չափից շատ խթանումը։ Եվ ի վերջո, հնարավոր կլինի՞ երեխա աճեցնել ինկուբատորում։ Ահա հարցերից մի քանիսը, որոնք քննարկվել են Հայաստանի վերարտադրողական բժշկության ասոցիացիայի 22–րդ տարեկան գիտաժողովում։
Այն Երևանում է հավաքել ոլորտի համաշխարհային աստղերին։ Ռենե Ֆրիդմանը, որի ջանքերով Ֆրանսիայում 38 տարի առաջ ծնվեց առաջին երեխան փորձանոթից, արդեն 10–րդ անգամ է այցելում Հայաստան։ Նա փաստում է, որ մեր երկրում փոփոխություններն այս ոլորտում ակնառու են։
«Ես տեսնում եմ, որ Հայաստանում շատ երիտասարդներ մուտք են գործել կենսաբանության և գինեկոլոգիայի ոլորտներ, նրանց հարցերի ու քննարկումների մակարդակը ցույց է տալիս, որ նրանք բարձր որակավորում ունեցող թիմ են, համեմատելի այն ամենի հետ, ինչ մենք տեսնում ենք ամբողջ Եվրոպայում։ Հաճելի է վերադառնալ այստեղ և ականատես լինել այս ոլորտի աճին և հանդիպել հիանալի մարդկանց, որոնց հետ կարող ենք համագործակցել նախագծերի և հետազոտությունների շուրջ», – ասում է Ռենե Ֆրիդմանը։
Զիոն Բեն Ռաֆայելը COGI կոչվող ամենամյա համաեվրոպական կոնգրեսի հիմնադիրն ու նախագահն է, որի ժամանակ քննարկվում են մանկաբարձության, գինեկոլոգիայի և պտղաբերության ոլորտի վիճելի հարցերը։ Անվանի պրոֆեսորը Երևանում խոսել է պտղաբերության ոլորտում նոր երևույթի՝ ձվաբջիջների սոցիալական սառեցման մասին։ Ըստ գիտնականի՝ հիմնականում արտամարմնային բեղմնավորման միջոցով երկրում կարող է ծնվել բնակչության 1%-ը, սակայն Հայաստանի նման երկրում, որտեղ ծնելիությունը խիստ կրճատվել է, պետք է ձգտել հասնել ավելի բարձր տոկոսի: Խնդիրն այն է, որ այսօր կանայք ավելի ուշ են ամուսնանում, հետաձգում են երեխա ունենալը, իսկ 35 տարեկանից հետո հղիանալու հավանականությունը կտրուկ նվազում է։
«Այսպիսով, այս դեպքում առաջին հերթին պետք է կրթել բնակչությանը։ Եվ երկրորդ՝ մենք հենց հիմա քննարկում ենք նախորդ 15 տարիներին ի հայտ եկած հնարավորությունը՝ երիտասարդ տարիքում ամուսնանալու նպատակ չունեցող կանանց ձվաբջիջների սառեցումը:
Եթե կինը 32 տարեկանում դիմում է բժշկին և ասում է, որ իրեն պետք է օրալ հակաբեղմնավորիչ, և դա տեղի կունենա նաև Հայաստանում։ Վերջիվերջո, դուք նրան կարող եք ասել, որ եթե ուզում եք հղիությունը հետաձգել, շատ լավ, սակայն դուք ունեք նաև ձեր ձվաբջիջները սառեցնելու հնարավորություն: Եթե սառեցնեք ձեր ձվաբջիջները ավելի երիտասարդ տարիքում, և եթե գաք հինգ տարի անց, վեց տարի անց, ապա բանկում կունենաք ձվաբջիջներ, որոնք հղիություն ապահովելու մեծ հավանականություն ունեն», – պատմում է նա։
Զիոն Բեն Ռաֆայելը նշում է՝ վիճելի հարցն այն է, թե ով պետք է վճարի դրա համար։ Նա չի կարծում, որ այսօր կառավարությունները պատրաստ են դա անել, և ծախսերն առայժմ մնում են անհատի վրա։
Բրիտանացի բժիշկ Ռամի Վակիմը ներկայացրել է իր կլինիկայի փորձը արտամարմնային բեղմնավորման ժամանակ արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։ Փաստորեն, ԱԲ–ն հնարավոր է կիրառել բոլոր փուլերում՝ լավագույն սերմնահեղուկը, ձվաբջիջը, սաղմն ընտրելու համար, ինչը նվազեցնում է մարդկային գործոնի ազդեցությունը։
«Ես դա իրականացնում եմ ի սկզբանե՝ հնարավորություն տալով հիվանդներին ունենալ բջջային հավելված, որը կարող է փոխանցել իմ հավաքած բոլոր տվյալները: Այնուհետև մենք այս տվյալները կիսում ենք բուժառուի հետ ամբողջովին թափանցիկ եղանակով: Մենք դա կիրառում ենք այնպիսի ընթացակարգերում, ինչպիսին է սերմի, ձվաբջիջների, ինչպես նաև սաղմի ընտրությունը՝ ամեն քայլի օգտագործելով արհեստական բանականությունը:
Եվ երբ բուժառուն հարցնում է, թե օրինակ՝ ես ունեի 12 ձվաբջիջ, այդ ինչպե՞ս եղավ, որ միայն երկու սաղմ ստացվեց, դրան պետք է պատասխանել, որ քանզի նա ուներ, օրինակ, վեց կամ յոթ կամ ութ ձվաբջիջ՝ շատ ցածր միավորով, մենք հաստատ գիտենք, որ դրանցից ստացված սաղմի զարգացումը վաղաժամ կդադարի։ Այնուամենայնիվ, այն ձվաբջիջները, որոնք ավելի բարձր միավոր ունեն, դրանք ավելի շատ են միտված արտադրելու սաղմ, որը լավ որակ ունի»։
Գիտաժողովն ունի «Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագիրը։ Ասոցիացիայի նախագահ, Պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը պարզաբանում է՝որքան գիտությունը զարգանում է, այդքան շատանում է անհայտը։
«Այդ գորշ զոնաները, չլուծված հարցերը մեր մասնագիտության 60-70 տոկոսն է, ու եթե մենք 30-40 տոկոս հաջողություն ունենք, ուրեմն մենք անհաջողությունների մի մեծ բանակ ունենք։ Ինչ որ գիտենք, ինչ–որ լավ ենք անում, բայց շատ բաներ կա, որ մենք չգիտենք, մեր գիտությունը դեռ չգիտի, և շատ բաներ կա, որ մենք մի քիչ շփոթված ենք, որովհետև եվրոպական կամ ուրիշ երկրներում ասոցիացիաների, կոնֆերանսների ժամանակ հակադիր մտքեր են լինում, հակադիր տվյալներ են լինում, և մենք չգիտենք, որն է ճիշտ։ Շատ հարցեր կան, որովհետև սա շատ դինամիկ ոլորտ է, որը զարգանում է, շատ հարցեր կան, որ փորձում ենք հասկանալ իրար հետ միասին», – ասում է նա։
Էդուարդ Համբարձումյանի խոսքով, Հայաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել այս ոլորտում։ Լիովին կարգավորվել է օրենսդրական դաշտը, ինչը հնարավորություն է տվել Հայաստանին վերարտադրողական բժշկության ոլորտում հանգիստ մրցակցել զարգացած եվրոպական երկրների հետ։ Եվ դրանում շատ մեծ է պետության, կառավարության դերը։
«Մենք իսկապես լավ օրեր ենք ապրում, պետք է ասեմ մեր վերարտադրողական բժշկությունը Հայաստանում, որովհետև մենք սերունդներ ենք սկսել կրթել, ամբիոն ուենք արդեն, որովհետև մենք օրենսդրական դաշտը ինչպես ասեցի դինամիկ աշխատում ենք կառավարության հետ, հնարավորություններ ունենք այս հարցերը լուծել, երբ պետք է։ Որովհետև մենք այսպիսի հնարավորություններ ունենք հյուրեր ընդունել աշխարհահռչակ լիդերներին, ովքեր առաջինն են եղել ոլորտում», – ասում է Էդուարդ Համբարձումյանը։