08:53 18 նոյեմբերի, 2024Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վիրաբուժական միջամտության համար հիվանդանոց դիմած պացիենտների ավելի քան մեկ երրորդի մոտ կողմնակի ազդեցություններ են նկատվում՝ կապված բուժօգնության հետ, եւ այդ բարդությունների 5-ից առնվազն 1-ը բժիշկների սխալի հետեւանք է։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում։ Դրանք վկայում են այն մասին, որ տասնամյակների ընթացքում հիվանդանոցներում մեծ առաջընթացի չեն հասել պացիենտների անվտանգությունն ապահովելու հարցում։
Նոր հետազոտության իրականացման համար Հարվարդի համալսարանի գիտնականների խումբը որոշել է պատճենել Harvard Medical Practice Study-ի 1980-ականներին իրականացրած հետազոտության մեթոդները, որոնք առաջիններից մեկն էին եւ մանրամասն նկարագրել են այն վնասի ցուցանիշները, որոնք հասցվում են բուժսպասարկման միջոցով։ Դրա արդյունքները կազմել են Գիտությունների ազգային ակադեմիայի 1999թ. զեկույցի հիմքը՝ «Մարդը կարող է սխալվել» վերնագրով։
Ադ ժամանակվանից հիվանդանոցներում տեղի են ունեցել կարեւոր փոփոխություններ՝ ուղղված վիրահատությունների անվտանգության բարձրացմանը։ Էլեկտրոնային բժշկական քարտերը կարող են նախազգուշացումներ ուղարկել, օրինակ, այն մասին, որ ինչ-որ մեկին նշանակվել է երկու դեղամիջոց, որոնք կարող են վտանգավոր փոխգործակցություն ունենալ։
Վիրաբույժները մշտապես օգտագործում են վերահսկիչ ցուցակներ վիրահատությունից առաջ, ինչը միշտ չէ, որ կատարվել է չորս տասնամյակ առաջ։ Իրականացվում են նաեւ բժիշկներին եւ պացիենտներին իրազեկելու միջոցառումներ այնպիսի ծածուկ վիճակների մասին, ինչպիսին է սեպսիսը, որոնք կարող են արագ հանգեցնել մահվան։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ անվտանգության խնդիրները պահպանվում են։
Գիտնականների խոսքով՝ դժվար է ուղիղ համեմատել հարվարդյան ավելի հին հետազոտության արդյունքները ավելի նորի հետ, քանի որ վերջին 40 տարիներին շատ բան է փոխվել բուժօգնության ցուցաբերման ոլորտում։
Օրինակ, ավելի հին հետազոտության համար հետազոտողներն ուսումնասիրել են թղթի աղյուսակները։ Այս անգամ նրանք օգտագործել են էլեկտրոնային բժշկական քարտերը։ Պացիենտները նույնպես տարբեր են։
«Շատ դեպքերում մարդիկ հիվանդանոցներում իրենց ավելի վատ են զգում, քան նախկինում, իսկ միջամտությունները դարձել են ավելի ռիսկային եւ բարդ»,- նշել է պացիենտների անվտանգության կողմնակից կազմակերպության՝ Առողջապահության բարելավման ինստիտուտի նախագահ, դոկտոր Քեդար Մաթեն։