15:00 24 նոյեմբերի, 2024Բժշկական հետազոտողների միջազգային թիմը պարզել է, որ այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով սուրճ են խմում, աղիքային բակտերիաների մի տեսակի քանակը զգալիորեն ավելի մեծ է, քան սուրճ չխմողների մոտ:
Իրենց ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature Microbiology ամսագրում, թիմը վերլուծել է մեծ թվով հիվանդների կղանքի և արյան նմուշները, ինչպես նաև նմանատիպ տվյալներ խոշոր բժշկական տվյալների բազաներում՝ փորձելով գտնել սուրճի օգտագործման ազդեցությունը աղիների բիոմի վրա:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի և ըմպելիքների օգտագործումը ազդում է աղիների բիոմի վրա՝ սնկերի, խմորիչների և բակտերիաների համայնքի վրա, որոնք ապրում են մարդու աղեստամոքսային տրակտում: Սակայն, թե որ մթերքներն են նպաստում առողջ բիոմի ձևավորմանը և որոնք են վնասակար, առայժմ լավ չի ուսումնասիրված։
Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը փորձել է ավելին իմանալ մեկ սննդի, կամ այս դեպքում՝ ըմպելիքի ազդեցության մասին աղիների բիոմի վրա: Նրանք ընտրել են սուրճը երկու պատճառով՝ նախ, որ շատ մարդիկ են խմում այն, և երկրորդ՝ այն կամ խմում են ամեն օր, կամ ընդհանրապես չեն խմում։
Աղիների միկրոբիոմի վրա սուրճ խմելու ազդեցության մասին իմանալու համար գիտնականները սկսել են վերլուծել Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում բնակվող մոտավորապես 22․800 մարդու և 211 խմբերի ևս 54․200 մարդու բժշկական տվյալները:
Սա հնարավորություն տվեց համեմատել սուրճ խմողների և չխմողների կղանքի նմուշների տվյալները և ուսումնասիրել աղիների բիոմի տարբերությունները երկու խմբերի միջև:
Գիտնականները երկու խմբերի միջև մեկ էական տարբերություն են հայտնաբերել՝ Lawsonibacter asaccharolyticus կոչվող բակտերիաների պոպուլյացիայի չափը: Այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով սուրճ էին խմում, բակտերիաների մակարդակը ութ անգամ ավելի բարձր էր, քան սուրճ չխմողների մոտ, և այս տարբերությունը դիտարկվում է ամբողջ աշխարհում:
Հետազոտական թիմը խոստովանում է, որ չգիտի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ L. asaccharolyticus-ի ավելի բարձր մակարդակը մարդկանց վրա, սակայն ենթադրում է, որ դա, ամենայն հավանականությամբ, կապված է առողջության համար սուրճի օգտագործմանը վերագրվող առավելությունների հետ։