VNS. լոլիկի հյութն օգնում է հաղթահարել հիպերտոնիան

10:21   9 դեկտեմբերի, 2024

Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլև օգնում է վերահսկել արյան ճնշումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Vocational Nursing Science ամսագրում: Հիպերտոնիան կամ արյան բարձր ճնշումը շարունակում է մնալ առողջապահության գլխավոր խնդիրներից մեկը, որն անդրադառնում է միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում և ամեն տարի հարյուր հազարավոր մահերի պատճառ դառնում: Ճնշման բարձրացումը վնասում է անոթների պատերը՝ նպաստելով դրանց հաստացմանը, կարծրացմանը և աթերոսկլերոզային փոփոխություններին։ Սա մեծացնում է կյանքին սպառնացող վիճակների վտանգը, ինչպիսիք են սրտի կաթվածը և ինսուլտը:

Գիտափորձին, որը նախատեսված էր արյան ճնշումն իջեցնելու գործում լոլիկի հյութի արդյունավետությունը գնահատելու համար, մասնակցել է հիպերտոնիայով հիվանդ տարեց կամավորը, որն իր վիճակը վերահսկելու համար ոչ մի մեթոդ չէր օգտագործում: Հիվանդը երեք օր շարունակ օրական երկու անգամ լոլիկի հյութ է խմել։ Արդյունքները ցույց են տվել, որ այս պարզ միջամտությունը օգնել է նվազեցնել արյան ճնշումը 160/100 մմ ս․ս-ից. մինչև 150/90 մմ ս․ս․: 

Գիտնականների կարծիքով,  A, B, C վիտամիններով, կալիումով և այլ օգտակար նյութերով հարուստ լոլիկը դրսևորել է իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա համալիր ազդեցության շնորհիվ։ Կալիումը պահպանում է օրգանիզմի հեղուկների օսմոտիկ ճնշումը, մասնակցում է ջրային և հիմնաթթվային հավասարակշռության կարգավորմանը և կարգավորում սրտի մկանների կծկման և թուլացման ցիկլերը։ Վիտամին C-ն աչքի է ընկնում արյունը նոսրացնելու ունակությամբ, իսկ վիտամին B-ն օգնում է ապահովել սրտի արյան մատակարարումը։

Մասնագետները նշում են, որ լոլիկի հյութի կանոնավոր օգտագործումը կարող է կարևոր լրացում լինել հիպերտոնիայի ավանդական բուժմանը, որը միլիոնավոր մարդկանց կյանքի որակը բարելավելու մատչելի և բնական միջոց է ներկայացնում:



© NEWS.am Medicine