08:17 11 դեկտեմբերի, 2024Կարծիք կա, որ գետին ընկած ուտելիքը 5 վայրկյանի ընթացքում բարձրացնելու դեպքում այն դեռ անվտանգ է։ Գիտնականները լուծել են այս հարցը, գրել է Popular Science-ը։
Դեռեւս 2003թ. Չիկագոյի միջնակարգ գյուղատնտեսական դպրոցի շրջանավարտ Ջիլիան Քլարկը ստուգել է 5 վայրկյանի կանոնը։ Փորձը կատարվել է երկու տեսակի սալիկների վրա՝ հարթ եւ անհարթ, որոնք նախապես վարակվել են աղիքային ցուպիկով։ Դրանից հետո նա դրանց վրա ժելե եւ թխվածքաբլիթ է նետել 5 վայկրկանով։ Ադրյունքները ցույց են տվել, որ մանրէները ուտելիքի վրա անցնում են շատ արագ, ընդամենը 5 վայրկյանում՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով տարածված կարծիքին։
Մի քանի տարի անց Քլեմսոնի համալսարանն է ստուգել 5 վայրկյանի կանոնը։ Երբ նրանք երշիկ են նետել Salmonella typhimurium-ով վարակված սալիկին, մանրէների ավելի քան 99 տոկոսն անցել է սալիկից երշիկի վրա հինգ վայրկյանում։ Գիտնական Փոլ Դոուսոնի խոսքով՝ 5 վայրկյանի կանոնն անհեթեթություն է։
2014թ. միկրոկենսաբանության պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնը Միացյալ Թագավորության համալսարանից կրկնել է փորձը՝ ուսումնասիրելով E. Coli-ի եւ Staphylococcus aureus-ի անցումը ընկած ուտելիքի վրա։ Արդյունքները տատանվել են 3-30 վայրկյանի միջակայքում։ Ըստ Հիլթոնի՝ իր ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ 5 վայրկյանի կանոնը կարող է գործել։
Դա դրդել է սննդաբանության պրոֆեսոր Դոնալդ Շաֆներին Ռաթգերի համալսարանից ուսումնասիրություն կատարել, որի արդյունքները հրապարակվել են Applied and Environmental Microbiology ամսագրում։ Նա դիտարկել է մանրէների անցումը չորս մթերքների վրա՝ ձմերուկ, հաց, կարագով հաց, կոնֆետեր։
Ուսումնասիրվել են նաեւ տարբեր մակերեսներ՝ չժանգոտվող պողպատ, խեցե սալիկ, փայտ, գորգ։
Նշենք, որ այս բոլոր մակերեսները վարակվել են Enterobacter aerogenes-ով, իսկ գիտնականները գրանցել են մանրէների քանակը, որոնք փոխանցվել են 1,5, 30 եւ 300 վայրկյանի ընթացքում։ Արդյունքները ցույց են տալիս, որ շփման ավելի երկար ժամանակը հանգեցրել է ավելի մեծ փոխանցման, բայց եղել է նաեւ «ակնթարթային» փոխանցում՝ 1 վայրկյանից էլ քիչ ժամանակում՝ դրանով իսկ առհավետ պսակազերծելով 5 վայրկյանի կանոնը։
Միկրոկենսաբան եւ Արիզոնայի համալսարաի վիրուսաբանության պրոֆեսոր Չառլզ Գերբի խոսքով՝ հիվանդանալու հավանականությունը հատակին ընկած սննդի օգտագործումից հետո կախված է մի շարք գործոններից, այդ թվում աղտոտման աստիճանից, առկա մանրէների տեսակից։