Ցրված սկլերոզ. հիմնական փաստեր

10:37   20 դեկտեմբերի, 2024

Կան իրավիճակներ և հիվանդություններ, որոնք ընդմիշտ փոխում են մեր կյանքը: Այն բաժանում են  «մինչև» և «հետո»-ի: Դեռ երեկ մենք նախագծում և պատկերացնում էինք այլ կյանք, իսկ ախտորոշման հաստատումից հետո պետք է հարմարվենք նոր իրականությանը: Դա բարդ է և վախեցնող, անարդար և ցավոտ: «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ գրեթե բոլոր պացիենտներին տանջում է մի հարց. «ինչու՞ ես, ինչու՞ բոլորն առողջ են, իսկ ես՝ ոչ»: Բայց այս հարցին ոչ մի պատասխան չկա: Գիտնականները չեն կարողացել հասկանալ, թե ինչու է զարգանում այս հիվանդությունը: Այնուամենայնիվ, կան դեղեր և մեթոդներ, որոնք կարող են էականորոն դանդաղեցնել հիվանդության զարգացումը, տևականորեն ապահովել լիարժեք կյանք:

Իսկ ի՞նչ է ցրված սկլերոզը

Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղի և ողնուղեղի) ամենատարածված հիվանդություններից մեկն է:

ms1.jpg (46 KB)

Կենտրոնական նյարդային համակարգի բջիջները ծածկված են ճարպային սպիտակուցի պաշտպանիչ շերտով, որը կոչվում է միելինային թաղանթ: Միելինը թույլ է տալիս նյարդին արագ փոխանցել ազդակներ: Այն արագությունը և արդյունավետությունը, որով այդ ազդակները փոխանցվում են, թույլ են տալիս փոքր գիտակցված ջանքերով կատարել սահուն, արագ և համակարգված շարժումներ:

Ցրված սկլերոզն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգի աշխատանքը խանգարվում է և վարակի կամ վիրուսի դեմ հարձակման փոխարեն իմունային համակարգը հարձակվում է սեփական նյարդային բջիջների վրա՝ վնասելով այս պաշտպանիչ շերտը: Այս գործընթացը կոչվում է դեմիելինիզացիա: Ցրված սկլերոզի դեպքում միելինի կորուստը (դեմիելինիզացիան) ուղեկցվում է նյարդերի՝ դեպի ուղեղ և ուղեղից դուրս էլեկտրական ազդակներ անցկացնելու ունակության խանգարմամբ:

ms2.png (164 KB)

Սա առաջացնում է ցրված սկլերոզի տարբեր ախտանշանները: Այն հատվածները, որտեղ միելինը վնասվել է (վահանիկ կամ վնասումներ), նման են կարծրացած հատվածների (սպի). ցրված սկլերոզի ժամանակ այդ սպիացումները հայտնվում են տարբեր ժամանակահատվածներում և գլխուղեղի ու ողնուղեղի տարբեր հատվածներում: «Ցրված սկլերոզ» տերմինը նշանակում է «բազմաթիվ սպիներ»:

Ցրված սկլերոզի զարգացումը պայմանավորված է գենետիկական հիմքի և արտաքին միջավայրի պայմանների փոխազդեցությամբ։

Արդյո՞ք սկլերոզը հիշողության կորուստ է

«Սկլերոզ» բառը հունարենից թարգմանվում է  որպես հյուսվածքի սպիացում, որը կարող է տեղի ունենալ  յուրաքանչյուր հյուսվածքում։ Կախված նրանից, թե որ օրգանում է այդ սպիացումը տեղի ունեցել, հենց այդ վնասված օրգանի ֆունկցիան էլ խանգարվում է։ Ցրված սկլերոզի դեպքում վերը նկարագրված դեմիելինիզացիան ավարտվում է սպիացման օջախների առաջացումով, որն էլ ընդհատում, դժվարացնում  կամ խախտում է նյարդային ազդակների հաղորդումը նյարդաթելերով։ 

ms3.jpg (65 KB)

«Սկլերոզ» բառը ասոցացվում է հիշողության կորստի հետ, քանի որ տարեց մարդկանց մոտ գլխուղեղը սնուցող անոթներում առաջանում են նման սպիական փոփոխություններ, որը կոչվում է աթերոսկլերոզ և այն կարող է ուղեկցվել հիշողության խանգարումներով։

Ի՞նչ հաճախականությամբ է հանդիպում Ցրված սկլերոզը

Ցրված սկլերոզով աշխարհում ապրում է մոտ 2,5 մլն մարդ: ԱՄՆ–ում ամեն շաբաթ ախտորոշվում է այդ հիվանդության 200 նոր դեպք։ Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականությունը խիստ տարբեր է տարբեր երկրներում, այն ամենաբարձրն է Շոտլանդիայի հյուսիսում տեղակայված կղզիներում, ԱՄՆ և Կանադայի հյուսիսային շրջաններում և կազմում է 250 դեպք 100 000 բնակչության հաշվարկով։ Դրան ի հակառակ, Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականությունը ցածր է Ճապոնիայում (2։ 100 000)։ Հաճախակի հանդիպելով հյուսիսային երկրներում՝ Ցրված սկլերոզի հաճախականությունը աստիճանաբար նվազում է հասարակածին մոտենալուն զուգահեռ: Հյուսիսային երկրներում հիվանդության հանդիպման հաճախականությունը մոտավորապես հինգ անգամ ավելին է:

Հայաստանում Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականության վերաբերյալ հստակ տվյալները բացակայում են։ Սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականության աճ, որը կարող է բացատրվել հետազոտման նոր տեխնիկաների ներդրմամբ և համեմատական մատչելիությամբ։

Հայաստանում յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով հանդիպում է Ցրված սկլերոզի մինչև 30 դեպք։

Ինչպե՞ս է դրսեւորվում Ցրված սկլերոզը

Առաջին նշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ արդեն ախտահարված են նյարդաթելերի մոտավորապես 50%-ը: Հիվանդության այս փուլում հիվանդների մոտ կարող են առաջանալ հետևյալ գանգատները.

ms4.jpg (70 KB)

Ժամանակի ընթացքում կարծրացած (սկլերոտիկ) վահանիկների քանակի շատացման արդյունքում ի հայտ են գալիս հիվանդության այլ ախտանիշներ.

Որո՞նք են Ցրված սկլերոզի հետեւանքները

Ընդհանուր առմամբ Ցրված սկլերոզը ժամանակի ընթացքում բերում է հաշմանդամության առաջացման:

  1. Հաշմանդամությունը կարող է զարգանալ հիվանդության ախտանշանների դրսևորումից կարճ ժամանակ անց, եթե պացիենտը բուժում չի ստանում կամ ստանում է ոչ ճշգրիտ բուժում:
  2. Հիվանդության սկզբից 2 տարվա ընթացքում հիվանդների 30%-ի մոտ դիտվում է հաշմանդամություն:
  3. Հիվանդության առաջին 5 տարիների ընթացքում պացիենտների 42,6%- ը կորցնում են աշխատունակությունը, իսկ 10 տարի անց անաշխատունակ է պացիենտների 71,8%-ը:

ms5.jpg (96 KB)

Ցրված սկլերոզը փորձություն է ոչ միայն պացիենտի, այլ նաև նրա ընտանիքի անդամների համար: Մեր հասարակությունում հարյուրավոր մարդիկ ապրում են այդ հիվանդության հետ: Ախտորոշման հաստատումից հետո այդ նոր ու բարդ վիճակը պետք է ընդունել և սովորել ապրել դրա հետ: Այսօր իրավիճակը խիստ փոխվել է: Վաղաժամ և ճշգրիտ բուժումը հետաձգում է հաշմանդամության զարգացումը անգամ ցրված սկլերոզի ծանր դեպքերում: Եվ Ցրված սկլերոզ ունեցող անհատը կարող է հասնել շատ բաների, ուրախանալ, սիրահարվել, ընկերություն անել, աշխատել, լինել երջանիկ և ապրել լիարժեք կյանքով:

1.Ciccarelli O, Barkhof F, Bodini B, et al. Pathogenesis of multiple sclerosis: insights from molecular

and metabolic imaging. Lancet Neurol. 2014; 13(8):807-822.

  1. National Multiple Sclerosis Society. Symptoms.

https://www.nationalmssociety.org/Symptoms-Diagnosis/MS-Symptoms. Accessed 10 March 2017. 5. Polman CH, Reingold SC, Banwell B, et al. Diagnostic criteria for multiple sclerosis: 2010 Revisions to the McDonald criteria. Annals of Neurology. 2011;69(2):292-302.

  1. Multiple Sclerosis International Federation. Types of MS. https://www.msif.org/about-ms/types-of-ms/. Accessed 6 March 2017.
  2. National Multiple Sclerosis Society. Primary progressive MS. http://www.nationalmssociety.org/What-is-MS/Types-of-MS/Primary-progressive-MS. Accessed 22 December 2016.8. Multiple Sclerosis International Federation. Symptoms. https://www.msif.org/about-ms/symptoms-of-ms/. Accessed 6 March 2017. 9. National Multiple Sclerosis Society, Magnetic Resonance Imaging

(MRI). http://www.nationalmssociety.org/Symptoms-Diagnosis/Diagnosing-Tools/MRI. Accessed 13 August 2017. 10. Hauser SL, Bar-Or A, Comi G, et al.

ms6.jpg (78 KB)



© NEWS.am Medicine