Սուրճը նախասրտերի ֆիբրիլյացիայի ժամանակ պաշտպանում է ճանաչողական վատթարացումից. JАНА

22:13   23 դեկտեմբերի, 2024

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է նախասրտերի առիթմիայով կամ նախասրտերի ֆիբրիլյացիայով բուժառուների ճանաչողական կարողությունները պահպանելուն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան Սրտի ասոցիացիայի (JAHA) հանդեսում:

Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որից Միացյալ Նահանգներում տառապում է ավելի քան հինգ միլիոն մարդ: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի ասոցիացիան նշում է, որ կոֆեինից խուսափելը չի ​​օգնում նախասրտերի ֆիբրիլյացիայով բուժառուների սրտի անոմալ ռիթմը կանխարգելելուն, թեև կոֆեինը կարող է վատթարացնել որոշ բուժառուների հիվանդության ախտանիշները:

Հետազոտության առաջատար հեղինակ և Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի դոցենտ Մասսիմո Բարբագալոն նշել է, որ նախասրտերի ֆիբրիլյացիան կապված է դեմենցիայի ռիսկի բարձրացման հետ: Սուրճը կարող է փոխհատուցող ազդեցություն ունենալ՝ բարելավելով ճանաչողական աշխատանքը:

Նախասրտերի ֆիբրիլյացիա ախտորոշված ​​ավելի քան 2400 մարդու շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճ խմելն առնչվում է ճանաչողական թեստերի ավելի լավ արդյունքների հետ: Մասնակիցները, որոնք ավելի շատ սուրճ են խմել, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել մշակման արագության, ձեռք-աչքի համակարգման և ուշադրության առումով: Ամենաշատ սուրճ խմած կամավորների ճանաչողական տարիքը 6,7 տարով փոքր է եղել, քան ամենաքիչ խմածներինը։

Բացի դրանից, օրական հինգ բաժակ սուրճ խմածների օրգանիզմում բորբոքման մակարդակը 20%-ով ավելի ցածր էր, քան նրանց օրգանիզմում, ովքեր մեկ բաժակից քիչ էին խմում:

Այս արդյունքները նոր հեռանկարներ են բացում սուրճի օգտագործման վերաբերյալ՝ որպես նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող մարդկանց ճանաչողական ֆունկցիային աջակցելու միջոց, հակառակ ավանդական համոզմունքին, թե այն վնասակար է սրտանոթային համակարգի համար:



© NEWS.am Medicine