Գիտնականները պարզել են, թե ինչու է խոր քունը բարելավում հիշողությունը

11:11   30 դեկտեմբերի, 2024

Բեռլինի Շարիտե համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Ֆրանց Քսավեր Միթերմայերը նոր հետազոտության հեղինակն է, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում, դրանում բացատրվում է, թե ինչպես է խոր քունը, որը հայտնի է նաեւ որպես դանդաղ ալիքային քուն, նպաստում ուղեղում հիշողությունների ձեւավորմանը։

Այս հետազոտության համար Միթերմայերը եւ նրա թիմն օգտագործել են նեոկորտեքսի չվնասված հյուսվածքի նմուշներ՝ ուղեղի կեղեւի մի մասը, վերցված հետազոտության 45 մասնակիցներից:

«Նեոկորտեքսը ուղեղի ամենաարտաքին մասն է: Ամեն անգամ, երբ նայում ենք ուղեղի պատկերին, տեսնում ենք նեոկորտեքսը՝ ընկույզի ձեւով մակերեսը: Այն 16 մլրդ նեյրոն պարունակող կառույց է (ուղեղի էլեկտրական ակտիվ բջիջներ): Նեոկորտեքսը զգալիորեն մեծանում է մարդկանց մոտ եւ կենտրոնական դեր է խաղում ճանաչողական կարողությունների զարգացման մեջ, որոնք մեզ դարձնում են մարդ՝ լեզու, երեւակայություն, հիշողությունը, զգացմունքներ ունեցող եւ այլն»,- պարզաբանել է գիտնականը։

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ուղեղում դանդաղ էլեկտրական ալիքները, որոնք առաջանում են խոր քնի ժամանակ, օգնում են ամրապնդել սինապտիկ կապերը նեոկորտեքսի նեյրոնների միջեւ՝ դարձնելով այն ավելի ընկալունակ հիշողությունների ձեւավորման հարցում:

«Խոր դանդաղ ալիքային քնի ժամանակ, երբ արտաքին աշխարհից զգայական ներհոսքը դադարում է, նեոկորտեքսը սկսում է հետաքրքիր գործունեություն, որը բաղկացած է վեր եւ վար վիճակներից, դրանք հերթափոխվում են վայրկյանում մոտավորապես մեկ անգամ», - բացատրել է գիտնականը:

Նրա խոսքով՝ այս պայմաններն առաջանում են նեոկորտեքսի հազարավոր նեյրոնների էլեկտրական լարման սինքրոն փոփոխություններից։



© NEWS.am Medicine