12:06 5 հունվարի, 2025Հաճախ, առանց իմունային համակարգի խնդիրների առաջացման ապացույցների, մարդիկ սկսում են որոշակի միջոցներ ձեռնարկել այն ամրապնդելու համար, սա ավելի շուտ մարքեթինգային հնարք է, որն առաջարկում է շրջանցել խնդիրների բացահայտման փուլը, մինչդեռ նախ պետք է պարզել՝ արդյո՞ք, իմունային համակարգի հետ կապված խնդիր կա։ Այս մասին am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է իմունոլոգ Սևան Իրիցյանը։
Ըստ նրա, իմունիտետի հետ կապված խնդիրները կամ բնածին են լինում, կամ ձեռք են բերվում վիրուսների միջոցով կամ անառողջ ապրելակերպի պատճառով։
Նա հավելել է, որ իմունային համակարգի խնդիրներ ունեցող մարդիկ սովորաբար շատ ծանր հիվանդներ են, որոնք դժվար են դիմանում սեզոնային հիվանդություններին և հաճախ հրաշքով են փրկվում։ Եթե մարդը չի պատկանում նման կարգի մարդկանց, ապա նա խնդիրներ չունի իմունային համակարգի հետ։
Ո՞ր ախտանիշների դեպքում կարելի է հասկանալ, որ մարդն իմունային համակարգի խնդիրներ ունի:
«Եթե մարդը հասել է չափահաս տարիքի, ապա մեծ է հավանականությունը, որ նա առաջնային իմունային անբավարարության խնդիրներ չունի։
Ծնողներին առաջարկում ենք ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք, իրենց երեխան տարվա ընթացքում մի քանի անգամ թոքաբորբով հիվանդացել է։ Եվ եթե երեխան հիվանդանոցում էր, արդյո՞ք, նա վերակենդանացման բաժանմունք է ընկել։
Նշանները կարող են լինել նաև երեխայի ականջի բորբոքումը, մաշկային, սնկային հիվանդությունները և ծանր փորլուծության նշանների հաճախակի ի հայտ գալը:
Մարդու մոտ իմունային անբավարարությունը կարող է առաջանալ նաև բժշկական միջամտության պատճառով, օրինակ՝ քիմիաթերապիայից կամ արյունատար համակարգի հիվանդությունների բուժումից հետո։ Սննդի մեջ սպիտակուցի բացակայությունը կամ պակասը նույնպես իմունային անբավարարության պատճառ է դառնում»,- նշել է բժիշկը։
Նա բացատրել է, որ իմունային համակարգը մեկ կոնկրետ երևույթ չէ, այլ բազմաթիվ նյութերի և բջիջների համակցություն, որը հաճախ դժվար է տարբերել այլ համակարգերից։
«Սա մեզ չար օրգանիզմներից պաշտպանող վահան չէ, որը ցուցադրվում է գովազդում, այլ համապարփակ համակարգ, որը ոչ միայն պաշտպանում է մեզ բակտերիաներից ու վիրուսներից, այլև կատարում է օրգանիզմի ինքնակարգավորման գործառույթը (հոմեոստազ), վերահսկում է ուռուցքային պրոցեսները, և այլն»,- ընդգծել է Իրիցյանը։
Ըստ նրա, չկա հիմնավորված հետազոտություն, թե ինչպե՞ս կարող է վիտամինների ընդունումն ազդել իմունային համակարգի վրա։
«Կորոնավիրուսի համավարակի ժամանակ համատարած վիտամին D-ի ընդունում էր նշանակվում, բայց այդպես էլ չպարզվեց՝ արդյո՞ք, իմունային համակարգի վիճակի տարբերություն կար դրանից առաջ և հետո։ Վաճառքի համար վիտամինների, այդ թվում՝ C և D վիտամինների հասանելիությունը համոզմունք է ստեղծում, որ վիտամինը կօգնի կամ գոնե չի վնասի։ Բայց վարակիչ հիվանդությունների դեպքում այդ ազդեցությունը կարելի է չափել հիվանդության տևողության, հոսպիտալացման, դեղերի օգտագործման և այլ չափանիշներով։ Պրակտիկան ցույց է տալիս, որ վիտամին ընդունողների և չընդունողների միջև տարբերություն չկա՝ պայմանով, որ ի սկզբանե անձը վիտամինի պակաս չի ունեցել»,- ընդգծել է փորձագետը։
Նա խորհուրդ է տվել վիտամին D ընդունել, եթե այն նյութերի պակաս կա, որոնք արևի լույսի ազդեցության տակ պետք է սինթեզեն այս վիտամինը։
Վիտամինների անբավարարության նշաններ կարող են լինել պոլինևրոպաթիան, տեսողության խնդիրները, օստեոպորոզը, գիշերային քրտնարտադրությունը, թուլությունն ու քնկոտությունը: Եթե այս ախտանիշները հայտնվում են, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Սակայն կարիք չկա «համենայն դեպս» վիտամիններ ընդունել, բացառությամբ վիտամին D-ի, եթե տարածքում արևի լույսի պակաս կա, բայց դա նույնպես պետք է անել բժշկի հսկողության ներքո։
Այս կամ այն դեղամիջոցով օրգանիզմի վիճակը բարելավելու լավագույն այլընտրանքն առողջ ապրելակերպ վարելն է, քանի որ հակառակ դեպքում կարելի է ընկնել մարքեթոլոգների թակարդը, որոնք աշխատում են սննդային հավելումների շուկայում, որոնց գերդոզավորման հետևանքներն ուսումնասիրված չեն»,- ասել է Իրիցյանը։
Նա հայտարարել է, որ տեսություն կա, որ այն երեխաները, որոնք վերամշակված ջուր և սնունդ են ընդունում, ավելի շատ են հիվանդանում ասթմայով կամ ալերգիկ հիվանդություններով:
«Սակայն դրա հստակ ապացույցներ չկան։ Սա, հավանաբար, չի կարելի բացատրել միայն մեկ մեխանիզմով։ Սրա վրա կարող է ազդել նաև շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը:
Իմունային համակարգը մշտապես պայքարում է քաղցկեղի բջիջների դեմ և ոչնչացնում է նրանք, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Եվ ինչ-որ փուլում համակարգը կարող է սխալվել, ինչից կարող է քաղցկեղ առաջանալ։
Այսօր երեխաներն օգտագործում են շաքարի և կոֆեինի բարձր պարունակությամբ ըմպելիքներ, որոնք պետք է անհասանելի լինեն, ինչպես ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը, քանի որ դրանք վաղ թե ուշ հանգեցնելու են առողջական խնդիրների։
Ծխելիս իմունային համակարգը մշտապես «շեղվում» է քաղցկեղի վտանգավոր բջիջները ոչնչացնելու իր գործառույթից դեպի թունավոր նյութերը, որոնք ծխի հետ մտնում են օրգանիզմ»,- եզրափակել է բժիշկը։