Ինչպե՞ս պայքարել մետապնևմավիրուսի և սուր շնչառական վարակների դեմ. մեկնաբանում է համաճարակաբանը

21:58   9 հունվարի, 2025

«Մարդու մետապնևմավիրուսը սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով»: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Համաճարակաբանի խոսքով, մետապնևմավիրուսի ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում` 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմավիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմավիրուս չի հայտնաբերվել»,–ասաց Եվգենյա Խաչատրյանը։

Բժիշկ–համաճարակաբանը սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով, հորդորում է ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, հաճախակի օդափոխել տարածքն ու խոնավ մաքրում իրականացնել, խուսափել սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ։ Սուր շնչառական վարակին բնրոշ ախտանիշներ նկատելու դեպքում, բժիշկը խորհուրդ է տալիս կրել դիմակ, մնալ տանը և դիմել բժշկին։

 

 

 



© NEWS.am Medicine