00:27 12 հունվարի, 2025Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերի Ջոնսոնը, պատմել է, որ գրիպով և թոքաբորբով հիվանդանալուց հետո գրեթե մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, գրում է The Independent-ը։
Նա սոցիալական ցանցերում պատմել է առողջության համար իր պայքարի մասին՝ իրեն խնամող Առողջապահության ազգային ծառայության բուժքույրերին և բժիշկներին «աշխարհի լավագույն մարդիկ» անվանելով: 36-ամյա կինը, որը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի հետ երեք ընդհանուր երեխա ունի, դժվարությամբ էր շնչում Սուրբ Ծննդյան օրերին կրծքավանդակի վարակով հիվանդանալուց հետո:
Նա հայտնել է, որ դեռ լիովին չի ապաքինվել հիվանդությունից և հորդորել է մյուսներին գրիպի պատվաստում անել:
«Ես չէի սպասում, որ 2025 թվականի առաջին շաբաթը հիվանդանոցում կանցկացնեմ,- գրել է նա Instagram-ի գրառման մեջ։- Սուրբ Ծննդյան օրերին կրծքավանդակի ծանր վարակով գրեթե 18 օր տանը մնալուց հետո, ամեն ինչ պարզապես դուրս եկավ վերահսկողությունից, և ես հազիվ էի կարողանում նորմալ շնչել»: