Շաքար պարունակող ըմպելիքների պատճառով տարեկան 300 հազարից ավելի մարդ է մահանում․ NatMed

23:29   20 հունվարի, 2025

Թաֆթսի համալսարանի ամերիկացի գիտնականները գնահատել են շաքարով քաղցրացված ըմպելիքների (ՇՔԸ) սպառման հետևանքով մարդկության առողջությանը հասցված գլոբալ վնասը: Պարզվել է, որ քաղցր ըմպելիքները զգալիորեն ավելացնում են շաքարային դիաբետից և սրտանոթային հիվանդություններից հիվանդացությունն ու մահացությունը: Հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine (NatMed) գիտական ամսագրում:

Մասնագետները ՇՔԸ-ին են դասել բոլոր այն ըմպելիքները, որոնցում շաքարի պարունակությունը 240 միլիլիտրի հաշվով կազմում է առնվազն 50 կիլոկալորիա: Բացառություն են կազմել քաղցրացված կաթը, 100% մրգային և բանջարեղենային հյութերը, ինչպես նաև ոչ կալորիական շաքարի փոխարինիչներով ըմպելիքները:

Հետազոտողները ըմպելիքների սպառման վերաբերյալ տվյալները ստացել են Սննդի գլոբալ տվյալների բազայից, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 118 երկրից 2.9 միլիոն մարդ:

Հեղինակները այս տվյալները և կարդիոմետաբոլիկ հիվանդությունների ցուցանիշները ներառել են քաղցր ըմպելիքների ֆիզիոլոգիական ազդեցությունների՝ նախորդ հետազոտությունների վրա հիմնված ռիսկերի համեմատական գնահատման մեջ:

Վերլուծության համաձայն՝ ՇՔԸ-ները նպաստում են սրտի հիվանդությունների 1.2 միլիոն, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի 2.2 միլիոն նոր դեպքերի առաջացմանը յուրաքանչյուր տարի:

Բացի այդ, քաղցր ըմպելիքները հանգեցնում են շաքարային դիաբետից մոտ 80 հազար մահվան դեպքերի և սրտանոթային հիվանդություններից 258 հազար մահվան դեպքերի:

Հետազոտողները նշում են, որ մեր օրգանիզմը արագ է մարսում քաղցր ըմպելիքները՝ բարձրացնելով արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն լավագույն դեպքում ապահովելով միայն աղքատիկ սննդային արժեք:

Միևնույն ժամանակ, այս արտադրանքները լայնորեն գովազդվում են զարգացող երկրներում: Զեկույցի համաձայն՝ Մեքսիկայում շաքարային դիաբետի բոլոր նոր դեպքերի գրեթե մեկ երրորդը կապված է ՇՔԸ-ների հետ, իսկ Կոլումբիայում այս ցուցանիշը մոտենում է 50%-ի:

Գիտնականները ավելացրել են, որ ցանկանում են մարդկանց տեղեկացնել քաղցր ըմպելիքների պատճառով առողջությանը հասցված վնասի կործանարար մասշտաբների մասին:

 



© NEWS.am Medicine