Երիկամային հիվանդությունը մեծացնում է COVID-19-ից մահվան ռիսկը․ The Lancet

20:22   31 հունվարի, 2025

Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) և Գլազգոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հազվագյուտ հիվանդություններ, անպտղություն և երիկամների հիվանդություն ունեցող մարդիկ COVID-19-ից հետո մահվան ավելի մեծ ռիսկ ունեն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Digital Health ամսագրում:

Հետազոտողները օգտագործել են առողջապահական լայնածավալ էլեկտրոնային քարտեր՝ ուսումնասիրելու հազվագյուտ հիվանդությունների տարածվածությունը և դրանց հետ կապված ռիսկերը: Ընդհանուր առմամբ վերլուծվել են 58 միլիոն մարդու տվյալներ։

Գիտնականները պարզել են, որ հազվագյուտ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ COVID-19-ից մահանալու վտանգը գրեթե հինգ անգամ ավելի մեծ է, քան ընդհանուր բնակչության մոտ։ Նշվում է, որ կյանքի համար վտանգը պահպանվում է նույնիսկ ամբողջությամբ պատվաստված անձանց մոտ։

Բացի այդ, գիտնականները վերլուծել են ընդհանուր պաթոլոգիաների և COVID-19-ից հետո մահվան հավանականության միջև կապը։ Հիվանդությունների թվում, որոնք առավել էականորեն բարձրացնում էին այս ռիսկը, անպտղությունն ու երիկամների հիվանդություններն էին։

 



© NEWS.am Medicine