«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը Հայաստանում ապահովում է քաղցկեղի ճառագայթային բուժում. ծառայությունները ներկայացվել են Հայկական ուռուցքաբանական V Կոնգրեսում

19:20   2 փետրվարի, 2025

«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնը մեծ ներկայացուցչական թիմով մասնակցում է Ծաղկաձորում ընթացող Հայկական ուռուցքաբանական V կոնգրեսին։ Սա երկրի ուռուցքաբանների տարվա գլխավոր իրադարձությունն է, որը նվիրված է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան (փետրվարի 4), և որտեղ նրանք հնարավորություն ունեն փորձի փոխանակում իրականացնել միմյանց, ինչպես նաև հրավիրված օտարերկրյա գործընկերների հետ։

к9.JPG (5.50 MB)

к11.JPG (1.64 MB)

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանը, իրենց մեծ թիմը համագումարում ներկայացնում է կենտրոնի ձեռքբերումներն ու հնարավորությունները, որը սկսել է աշխատել ընդամենը մի քանի ամիս առաջ, սակայն արդեն կարող է ներկայացնել մի շարք նորամուծություններ, որոնք կբարձրացնեն մեր երկրում ուռուցքաբանական հիվանդությունների  բուժման արդյունավետությունն ու որակը։

к4.JPG (12.63 MB)

Ինքը՝ Կոստան Ղալումյանը, Կոնգրեսում զեկույց է ներկայացրել ուռուցքաբանության մեջ պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի դերի մասին։

«Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան ուռուցքաբանության ոլորտում հանդիսանում է ոսկե ստանդարտ որպես ախտորոշման մեթոդ։ Այն ռադիոնուկլիդային մեթոդ է և արդի ուռուցքաբանությունում առանց ՊԷՏսկանի ուռուցքի ամբողջական ախտորոշում, փուլավորում, հետագա բուժման ընթացքին, այսպես ասած, էվոլյուցիային հետևելը հնարավոր չէ։ Եվ այս մեծ համաժողովին այդ թեման ներկայացնելու իմ հիմնական նպատակն է կիսվել փորձով, որը մենք կուտակել ենք մեր կենտրոնում, և ընդհանրապես հրավիրել մեր ուռուցքաբաններին բանավեճի՝ թե ինչ սպասել ՊԷՏսկանից և ցույց տալ ՊԷՏսկանի առավելությունները մյուս ախտորոշիչ մեթոդների նկատմամբ, ինչպիսիք են համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան», - ասաց նա։ Ղալումյանը նշեց, որ իրենց կենտրոնի ՊԷՏ/ԿՏ սարքի առավելությունն այն է, որ դա «վերջին նորագույն սարքն է այդ ոլորտի, որը տալիս է առավել ճշգրիտ պատկերներ, հիմնվելով ինչպես արհեստական բանականության, այնպես էլ այլ նորագույն տեխնոլոգիաների վրա»։ Եվ ամենակարևորը՝ հետազոտությունն իրականացվում է շատ կարճ ժամանակում, իջեցնելով ճառագայթային դոզայի ծանրաբեռնվածությունը, և անվտանգ է պացիենտների համար։

«Էրեբունի» ճառագայթայհին թերապիայի կենտրոնի ռադիոթերապիայի ծառայության ղեկավար Սերգեյ Գոլուբը զեկույց է ներկայացրել բավականին սպեցիֆիկ ոլորտի՝ շարժվող թիրախների ստերեոտակսիկ ճառագայթային թերապիայի անցկացման վերաբերյալ։

к8.JPG (6.45 MB)

«Այն թիրախների ճառագայթման, որոնք ոսկորներում չեն, կենտրոնական նյարդային համակարգում և ուղեղում չեն, խնդիրներից մեկն այն է, որ դրանք օրգանների հետ միասին, որոնցում գտնվում են, ունեն շարժվելու հատկություն։ Սա մեծ խնդիր է, երբ ճառագայթում ենք, օրինակ, թոքերի կամ լյարդի մետաստատիկ օջախները։

Եվ իմ զեկույցը նվիրված է այն հարցին, թե ինչ տեխնիկական միջոցներով, բուժման ինչ ռազմավարություններով կարելի է փորձել հաղթահարել այդ տեխնիկական կամ անատոմիական սահմանափակումները»,- ասաց նա՝ հավելելով, որ իր գործընկերներին, ի թիվս այլ բաների, պատմել է այն տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում։ Հնարավորությունների, որոնք ընձեռում են ռադիովիրաբուժության համար Varian ընկերության սարքավորումները, մասնավորապես Varian Edge գծային արագացուցիչը։

Ռադիոթերապևտ– ուռուցքաբան Ստանիսլավ Սմոլնիկովի զեկույցի թեման է կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների ստերեոտակսիկ ճառագայթային թերապիան։

«Իմ զեկույցն արտացոլում է բոլոր հիմնական սկզբունքները, ցուցումները և արդյունավետությունը: Եվ, մի կարևոր կետ, նշվում է նաև, որ ստերեոտակսիկ ռադիոթերապիան ինքն իրենով անվտանգ բուժման մեթոդ է»,- ասաց նա։

к6.JPG (8.05 MB)

Բժշկի խոսքով՝ ստերոտակսիկ ռադիովիրաբուժությունը կիրառելի է կենտրոնական նյարդային համակարգի առաջնային ուռուցքների՝ բարորակ հեմանգիոմաների, վեստիբուլյար շվանոմաների, հիպոֆիզի ադենոմաների դեպքում։ Այն նաև օգտագործվում է գլիալ ուռուցքների կրկնակի ճառագայթման համար։ Եվ ամենից հաճախ մեթոդը կիրառվում  է կենտրոնական նյարդային համակարգի մետաստատիկ ախտահարումների բուժման համար:

Սմոլնիկովը նշեց, որ նման թերապիա Հայաստանում վերջերս է սկսել իրականացվել, և իրենց կենտրոնն այս հարցում առաջամարտիկ է։ Այս տեղեկությունը, նրա կարծիքով, շատ օգտակար կլինի Հայաստանի ուռուցքաբանների համար։

к7.JPG (6.99 MB)

«2024 թվականին մենք կատարել ենք, իմ կարծիքով, առաջին ռադիովիրաբուժությունը կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների համար, և մենք կշարունակենք ընդլայնել այդ մեթոդների հնարավորություններն ու ցուցումները»,- ասաց նա։

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ճառագայթային ուռուցքաբան Նատալյա Կորնիևսկայան ներկայացրել է բրախիթերապիայի կիրառման հնարավորությունները ոչ միայն գինեկոլոգիական ուռուցքաբանության, այլև այլ տեղեկայման ուռուցքների դեպքում։

«Զեկույցում հիմնական շեշտադրումն, այնուամենայնիվ, արված է արգանդի վզիկի, հեշտոցի քաղցկեղի բրախիթերապիայի լուսաբանման վրա, հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների,  մասնավորապես՝ համակցված ներխոռոչային և ներհյուսվածքային բրախիթերապիայի կիրառմամբ։ Ներկայացված են կոնկրետ կլինիկական դեպքեր, երբ մեր կենտրոնում նման համակցված թերապիա է իրականացվել»,- ասաց բժշկուհին՝ հավելելով, որ կենտրոնն ունի դրա բոլոր հնարավորությունները՝ ապլիկատորների բոլոր հնարավոր տեսակները, պլանավորման համակարգ և պատրաստված մասնագետներ։

к1.JPG (3.37 MB)

«Բացի օնկոգինեկոլոգիայում կիրառությունից, զեկույցում լուսաբանված են նաև մաշկի քաղցկեղի դեպքում բրախիթերապիայի անցկացման հնարավորությունները: Կրկին ուզում եմ նշել, որ բրախիթերապիա իրականացնելու համար մենք ապլիկատորների մեծ դարան ունենք կոնկրետ այս տեղակայման համար ևս՝ մաշկի քաղցկեղ, կոպերի չարորակ նորագոյացություններ, վերին և ստորին շուրթերի կարմիր եզրագծի քաղցկեղ: Մենք ինչպես ապլիկացիոն, այնպես էլ ներհյուսվածքային բրախիթերապիա անցկացնելու հնարավորություն ունենք»,- ասաց նա։

Ռադիոթերապևտ Միքայել Առուստամյանը խոսել է շագանակագեղձի քաղցկեղի ստերեոտակսիկ ճառագայթային բուժման մասին։ Սա ևս նոր ծառայություն է Հայաստանի համար, որը ներդրվել է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում 2024 թվականի աշնանը։ Նախկինում այս ծառայության համար պացինետները պետք է գնային արտասահման, և ոչ բոլորը կարող էին դա իրենց թույլ տալ։ Իսկ այժմ այս մեթոդը արդեն հասանելի  է Հայաստանում։

008A0307.JPG (6.25 MB)

Մեթոդն, ըստ բժշկի, շագանակագեղձի քաղցկեղով ցածր ռիսկի պացիենտների համար համարվում է արդեն համաշխարհային ոսկե ստանդարտ։ «Այն հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակահատվածում, այսինքն երկու շաբաթվա ընթացքում խտացված ձևով կատարել ճառագայթային բուժում։ Փոքր դաշտերով նոր տեխնոլոգիաների կիրառությունը հնարավորություն է տալիս միանգամից մեծ դոզաներ հասցնել շագանակագեղձի շրջանում, ինչի շնորհիվ կրճատվում է բուժման տևողությունը։ Կատարվում է շագանակագեղձի բուժում իոնիզացնող ճառագայթման միջոցով, սպանում ենք շագանակագեղձի ներսում գտնվող ուրուցքային բջիջները», – ասաց նա։

Բժիշկը հավելեց, որ այս մեթոդը շագանակագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման լիարժեք այլընտրանք է, ընդ որում քաղցկեղի բոլոր փուլերում, անգամ մետաստատիկ քաղցկեղի դեպքում, երբ մետաստազները հաշվելի են։ «Երկուսի կիրառմամբ էլ սպասելիքները, արդյունքները համապատասխանում են 100%-ով իրար, ուղղակի ամեն մեթոդն ունի իր ցուցումներն ու կողմնակի ազդեցությունները, որոնք պացիենտին ներկայացնելուց հետո ինքն է ընտրություն կատարում՝ ստանալ ճառագայթային բուժում, թե գնալ վիրահատության։ Իսկ ճառագայթային բուժման հիմնական առավելությունը շագանակագեղձի պահպանումն է», – պարզաբանեց նա։

Կոնգրեսի ընթացքում «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բժիշկները ոչ միայն ներկայացրել են իրենց զեկույցները, այլև հնարավորություն են ունեցել ոչ պաշտոնական միջավայրում շփվելու Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնների ուռուցքաբանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չիանսատնի և մի շարք եվրոպական երկրների գործընկերների հետ։

к3.JPG (11.52 MB)

Սերգեյ Գոլուբի խոսքով, այսպիսի ոչ պաշտոնական շփումը պակաս կարևոր չէ, քան նիստերը։ «Ընդհանրապես, համագումարների մեծ մասի էությունը ոչ միայն զեկույցներ լսելն է, այլ, առաջին հերթին, գործընկերների հետ շփվելը։ Հաճախ այս ամենը տեղի է ունենում ոչ պաշտոնական միջավայրում՝ լիագումար նիստից հետո։ Զրուցել նրանց առջև ծառացած խնդիրների մասին, ինչպես են դրանք լուծում, և ինչ խնդիրների ենք մենք հանդիպում և ինչպես ենք դրանք լուծում: Ներկայացնել սեփական փորձն ու դատողությունները, որոնք երբեմն դուրս են ակադեմիական զեկուցումների շրջանակից, բայց ոչ պակաս կարևոր են»,- ասաց նա՝ գոհունակություն հայտնելով, որ Կոնգրեսն անցկացվում է Երևանից դուրս՝ Ծաղկաձորում, ինչը նաև գեղեցիկ բնությունը վայելելու հնարավորություն է տալիս։



© NEWS.am Medicine