Շեշտը դնել ոչ թե քաղցկեղի բուժման, այլ կանխարգելման վրա. Կայացավ Հայկական ուռուցքաբանական V կոնգրեսը

11:02   3 փետրվարի, 2025

Պետք է շեշտը դնել ոչ այնքան ուռուցքաբանական հիվանդությունների բուժման վրա, այլ ավելի շատ՝ կանխարգելման։ Այս միտքը անդադար հնչել է Հայկական ուռուցքաբանական V հոբելյանական Կոնգրեսի մասնակիցների ելույթներում։ Շեշտվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ընդհուպ մինչև արհեստական բանականության կիրառումը կարևոր են և պարտադիր, բայց ավելի կարևոր է առողջ ապրելակերպի քարոզումը։  

ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ կառավարությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի ֆինանսավորմանը, բայց պետք է, որ և՛ պատկան մարմինները, և՛ հասարակությունը ավելի մեծ ուշադրություն դարձնեն կանխարգելման հարցերին։

arsen.JPG (17.28 MB)

«Ուռուցքաբանությունը շատ հաճախ ասում են, որ անհատակ հոր է։ Այսինքն՝ ինչքան մենք ներդնենք, միևնույն է անհրաժեշտություն կա ավելի շատ ներդնելու։ Եվ դա այդպես է, ենթադրում եմ, աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ այն երկրներում, որոնք, օրինակ, իրենց առողջապահության վրա ծախսում են ՀՆԱ–ի 20%-ը։

Եվ այս կոնտեքստը հաշվի անելով, մենք թե ներկա ուռուցքաբաններով և հարակից մասնագետներով, և թե ավելի լայն հասարակությունով, բացի ուռուցքաբանական հիվանդությունները բուժելուց պետք է կենտրոնանանք դրա կանխարգելման վրա։ Մենք հաճախ առողջապահություն ասելով հասկանում ենք արդեն հիվանդանոց դիմած հիվանդի բուժման վերաբերյալ գործողությունները, որ արդեն եկել հասել է մեզ, բայց մոռանում ենք, որ այդ պացիենտը կարող է չհասնել մեզ։ Ես խնդրում եմ և կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին նաև այս տրամաբանությամբ մտածենք, և որպեսզի կարողանանք այնպես անել, մի քիչ կարող է գրոտեսկային հնչի, որ մենք անգործ մնանք, հարգելի գործընկերներ։

Այսինքն, մեր գործողությունների հիմնական նպատակը այն պիտի լինի, որ մենք հնարավորինս քիչ պացիենտ ունենանք, ոչ թե շատ պացիենտ ունենալով, շատ ռեսուրսներ ներգրավելով, բոլորին կարողանանք բուժել, ինչը անհնար է և ֆինանսապես, և առողջապահական տեսանկյունից ելնելով», – ասաց նա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով կանխարգելման խնդրին, նշեց, որ 2025 թվականին կընդլայնվեն առկա սկրինինգային ծրագրերը։ «Այս տարվանից նաև մեր նպատակն է ընդլայնել մեր սկրինինգային ծրագրերը և հնարավորություն ստեղծել պետական պատվերի շրջանակներում էլ ավելի մեծ թվով անձանց համար, կանանց համար օգտվելու մամոգրաֆիկ ծառայություններից։ Եվ ես ուրախ եմ, որ պիլոտային ծրագիրը հաջողությամբ արդեն վերափոխվել է ընթացիկ ծրագրի։ Հաջորդիվ կոլոռեկտալ քաղցկեղի սկրինինգային ծրագրի ընդլայնում ենք այս տարի իրականացնելու, և նաև որոշակի մեթոդաբանության փոփոխություն ենք անելու թեստավորման, և իհարկե շարունակվելու է մարդու պապիլոմավիրուսի սկրինինգային ծրագիրը», – ասաց Անահիտ Ավանեսյանը։

avanesyan.JPG (9.46 MB)

Անդրադառնալով առողջապահության ֆինանսավորման խնդրին, նախարարը նշեց. պետության ռազմավարությունն այն է, որ ֆիզիկական հասանելիություն ունեցող ծառայությունները դառնան նաև ֆինանսապես հասանելի բնակչության համար։ «Մեր ռազմավարությունն է, այն ծառայությունները, որ այսօր ֆիզիկապես հասանելի են, այն տեխնոլոգիաները, որոնք այսօր ֆիզիկապես Հայաստանում կարող են մարդկանց կյանքեր փրկել, իմունաթերապևտիկ դեղերի ողջ սպեկտրը, դառնան նաև ֆինանսապես հասանելի մեր բոլոր քաղաքացիների համար։ Եվ մեզ համար շատ այսպես ուղենիշային է, որ մենք հետևողականորեն գնալու ենք Հայաստանում պարտադիր համընդհանուր ապահովագրական բարեփոխման մեկնարկին։ Եվ ես լիահույս եմ, որ 26 թվականից առաջին փուլը կմեկնարկի։ Ապահովագրական փաթեթի մեջ մենք բավական մեծ մաս ենք ընդգրկել ուռուցքաբանության ոլորտում, որը վերաբերվում է թե՛ հետազոտական, թե՛ կանխարգելիչ, թե՛ բուժական և թե՛ նաև դեղորայքային ապահովմանը», – ասաց նախարարը։

«Հայաստանը այսօր կարող է հպարտությամբ ասել, որ եզակի երկրներից է, որ ուռուցքային հիվանդություններից մահացությունը կարողացավ մեկ տարվա համեմատությամբ նվազեցնել։ Սա անշուշտ մեծ հաղթանակ է և համակարգի և մասնավորապես բժշկության հաղթանակներից է, սակայն ռեսուրսները, որ մենք ծախսում ենք այս հաղթանակի համար անհամեմատ կարող են ավելի նվազ լինել, եթե մենք փոխենք ուղղությունը և ոչ միայն հաղթահարենք այն փուլերը, որոնք մեզ բաժին են հասնում, տեսնելիս ախտորոշման արդյունքները, այլ առաջնային փուլերում, իսկ առավելագույնը, եթե սա իրականացնենք կանխարգելման լայնածավալ առողջապահական ծրագրերով։ Իհարկե սա քաղաքակիրթ, ժամանակակից մարդասիրական ծրագրերի շրջանակում է՝ կանխարգելել և ոչ թե բուժել» – իր հերթին ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

muradyan.JPG (11.90 MB)

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ այս տարվա, հոբելյանական Կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն․ Համաշխարհային չափանիշներին համընթաց», «ինչը ոչ միայն խորհրդանշում է մեր ձգտումը միջազգային առաջադեմ փորձին համապատասխանելու, այլ ընդգծում է մեր ոլորտը շարունակաբար զարգացնելու պարտավորությունը»։

narek1.JPG (11.73 MB)

Նա նշեց, որ մինչ օրս Հայաստանում կային խնդիրներ նորարար ճառագայթային մեթոդների առումով։ «Բայց ի պատիվ մեր երկրի, այդ խնդիրը ևս լուծվեց։ 2024 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործարկվեց նոր ճառագայթային ուռուցքաբանության ծառայություն իր նորագույն սարքավորումներով, իսկ մեր կենտրոնը, ունենալով ճառագայթային ուռուցքաբանության ծառայությունը, կառուցեց նոր մասնաշենք և տեղադրեց նոր ճառագայթային սարքեր, որոնք կշահագործվեն մոտ երկու շաբաթից, վերջնականապես լուծելով այդ խնդիրը», – ասաց Նարեկ Մանուկյանը։

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը որոշել էր խոսել  «արվեստից», հիշեցնելով Կոնգրեսի խորհրդանիշը դարձած Գուստավ Կլիմտի «Մահ և կյանք» նկարը։

LURER.08_19_15_22.Still7840.jpg (759 KB)

«Առողջապահությունը դա արվեստ է, բժշկագիտությունը դա արվեստ է։ Տարօրինակ չէ, որ մեր գործընկերները այս կոնգրեսի որպես պոստեր ընտրել են մի հանրահայտ շեդեվր՝ Գուստավ Կլիմտի «Մահը և կյանք» կտավը։  Այն պատկերում է մահը և կյանքը։ Եթե նկատեք, մեր գործընկերները փակել են մահի պատկերը։ Այո, որովհետև քաղցկեղը արդեն ընդամենը ախտորոշում է և իրենք ցույց են տվել կյանքը», – ասաց նա։

bazarchyan.JPG (5.91 MB)

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավեստիսյանը, անդրադառնալով այդ նկարի ընտրությանը, նշեց, որ Կլիմտը ինքը մի քանի անգամ սրբագրել է իր նկարը։ «Մենք հանդգնել ենք ևս մեկ փոփոխություն անել։ Եթե կնկատեք, նրանց արանքում արհեստական պատռվածք ենք ստեղծել, որը խորհրդանշում է մեր բժիշկների ջանասիրությունը, որոնք որքան որ կարողանում են, հեռվացնում են իրարից կյանքը և մահը», – պարզաբանեց նա։

008A0036.JPG (4.72 MB)

Լրագրողների հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը ստեղծվել է հինգ տարի առաջ, որպեսզի մեկ հարթակում համալրի բոլոր հայ ուռուցքաբաններին և արտերկրյա գործընկերներին։  «Նույն գործով զբաղվող մասնագետների ընդհանուր հարթակում շփվելու հնարավորություն է», – ասաց նա։ Խոսելով երկրում ուռուցքաբանական ծառայությունների որակից, նա հավաստիացրեց, որ Հայաստանում այդ ծառայությունները ոչնչով չեն զիջում արտասահմանյան լավագույն ծառայություններին, և դրանում կարելի է համոզվել, զրուցելով այս Կոնգրեսին մասնակցող արտերկրյա բժիշկների հետ։

narek2.JPG (5.38 MB)

Նա ներկայացրեց վերջին տարիների վիճակագրությունը. 2023 թվականին Հայաստանում հայտնաբերվել է քաղցկեղի մոտ 8300 առաջնային դեպք, միջինում տարեկան 100 000 բնակչի հաշվարկով մոտ 280 ուռուցքով հիվանդ է հայտնաբերվում։ Ու մենք այդ վիճակագրությամբ աշխարհում գտնվում ենք միջին տեղերում։ «Բայց այստեղ մի պարադոքս կա, ինչքան երկիրը ավելի զարգացած է, ինչքան բժշկությունը ավելի լավ է, մարդիկ այնքան ավելի երկար են ապրում և այլ հիվանդություններից չեն մահանում, և հավանականությունը քաղցկեղով հիվանդանալու մեծանում է։ Եվ շատ զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները շատանում են», – ասաց նա։ Բնակչությանը նա հորդորեց առողջ ապրելակերպ վարել, ամենակարևորը՝ չծխել, և խնդիրների դեպքում անհապաղ դիմել բժշկի։

008A9882.JPG (9.55 MB)

Հայկական ուռուցքաբանական V Կոնգրեսը տեղի ունեցավ Ծաղկաձորում փետրվարի 1-2–ին։  ներկայացվեցին մոտ 150 զեկույցներ, տեղի ունեցան «կլոր սեղաններ»։ Կոնգրեսին մասնակցեցին 500-ից ավելի բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, այդ թվում Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Չինաստանից, եվրոպական մի շարք երկրներից։ Ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ:  Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնի և Գերցենի անվան ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարներ Իվան Ստիլիդին և Անդրեյ Կապրինը դիմեցին Կոնգրեսի մասնակիցներին հատուկ ուղերձներով։

008A0104.JPG (6.23 MB)

 

 

 

 

 

 



© NEWS.am Medicine