Գլյուտեն չպարունակող մթերքները կասկածելի առավելություններ ունեն առողջության համար. PFHN

22:19   20 փետրվարի, 2025

Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ գլյուտեն չպարունակող մթերքները թեեւ ավելի թանկ են, բայց հաճախ ավելի քիչ սպիտակուց են պարունակում, քան այն մթերքները, որոնք պարունակում են գլյուտեն: Դրանք նաեւ պարունակում են ավելի շատ շաքար եւ կալորիաներ: Աշխատանքը հրապարակվել է Plant Foods for Human Nutrition (PFHN) ամսագրում:

Հետազոտողները համեմատել են գլյուտեն չպարունակող մթերքները սովորական սննդի հետ եւ եզրակացրել, որ առանց դրա սննդակարգի ենթադրյալ առավելություններից շատերը, օրինակ՝ քաշի վերահսկումը, չափազանցված են: Ներկայում գլյուտեն չպարունակող շատ մթերքներում բացակայում են բջջանյութը, սպիտակուցը եւ այլ անհրաժեշտ սննդարար նյութեր: Արտադրողներն օգտագործում են հավելումներ՝ ծածկելու համար այդ պակասը, սակայն արտադրական գործընթացում մանրաթելերի ընդգրկումը կարող է խանգարել սպիտակուցի մարսմանը:

Բացի այդ, գլյուտեն չպարունակող մթերքները սովորաբար ավելի շատ շաքար են պարունակում՝ գլյուտեն պարունակողների համեմատ: Առանց գլյուտենի երկարաժամկետ դիետան կապված է մարմնի զանգվածի ինդեքսի ավելացման եւ սննդարար նյութերի դեֆիցիտի հետ:

Գլյուտեն չպարունակող մթերքները հիմնականում զերծ են նաեւ ցորենից, տարեկանից, գարուց եւ երբեմն վարսակից, որոնք կարեւոր պոլիսախարիդների աղբյուրներ են, դրանք նպաստում են աղիների առողջությանը եւ օգնում կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ:

Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ գլյուտեն չպարունակող որոշ մթերքներ, ինչպիսին են առանց գլյուտենի սերմնահացերը, կարող են զգալիորեն ավելի շատ բջջանյութ պարունակել՝ 100 գրամում 38,24 գրամ, շնորհիվ պսեւդո-ամբողջահատիկների, ինչպիսին են ամարանտը եւ քինոան:

Հետազոտողներն ընդգծել են, որ առանց գլյուտենի դիետան հայտնի է դարձել ոչ միայն, օրինակ, ցորենի ալերգիա ունեցող մարդկանց շրջանում, այլեւ նրանց համար, ովքեր հետեւում են նորաձեւության միտումներին։

Գիտնականները ենթադրում են, որ ավելի հավասարակշռված անգլյուտեն մթերքների ստեղծման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել հետազոտություններում։  Կարեւոր է նաեւ հանրության իրազեկման բարձրացումը անգլյուտեն դիետայի իրական առավելությունների եւ թերությունների մասին։



© NEWS.am Medicine