Ուսումնասիրություն. Ընդհատվող ծոմապահությունը կարող է վտանգավոր լինել դեռահասների առողջության համար

08:38   23 փետրվարի, 2025

Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ տարիքը կարևոր դեր է խաղում ընդհատվող ծոմապահության արդյունքներում: Մյունխենի տեխնիկական համալսարանի (TUM), Մյունխենի LMU հիվանդանոցի և Մյունխենի Հելմհոլցի համալսարանի գիտնականները պարզել են, որ խրոնիկ ընդհատվող ծոմապահությունը խախտում է երիտասարդ մկների մոտ ինսուլին արտադրող բետա բջիջների զարգացումը: Արդյունքները մտահոգություններ են առաջացնում մարդկանց, հատկապես դեռահասների համար հնարավոր վտանգների վերաբերյալ: Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում:

«Հայտնի է, որ ընդհատվող ծոմապահությունն ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝ խթանում է նյութափոխանակությունը, օգնում է քաշ կորցնելուն և սրտի հիվանդությունների բուժմանը: Բայց մինչև այժմ դրա հնարավոր կողմնակի ազդեցությունները լավ չեն ուսումնասիրվել», - ասում է Էլզա Կրյոներ Ֆրեզենիուսի ամբիոնի պրոֆեսոր և TUM-ի տրանսլյացիոն սննդաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Բարտելտը:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ դեռահաս տարիքում ընդհատվող ծոմապահությունը կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ նյութափոխանակության վրա, հաղորդում է Planet Today-ը: Գիտնականներն ուսումնասիրել են մկների երեք խումբ՝ դեռահասներ, մեծահասակներ և ծեր կենդանիներ: Մկներին առանց ուտելիքի են թողել մեկ օր, իսկ հաջորդ երկու օրը նորմալ կերակրել են: 10 շաբաթ անց ինսուլինի նկատմամբ զգայունությունը բարելավվել է ինչպես մեծահասակ, այնպես էլ ծեր մկների մոտ, ինչը նշանակում է, որ նրանց նյութափոխանակությունն ավելի լավ է արձագանքել ենթաստամոքսային գեղձի արտադրած ինսուլինին: Սա առանցքային նշանակություն ունի արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու և այնպիսի հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսին  2-րդ տիպի շաքարախտն է:

Սակայն դեռահաս մկների մոտ նկատվել է բետա բջիջների՝ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների, ֆունկցիայի տագնապալի անկում: Ինսուլինի անբավարար արտադրությունը կապված է շաքարախտի և նյութափոխանակության խանգարման հետ:

«Սովորաբար համարվում է, որ ընդհատվող ծոմապահությունը օգուտ է բերում բետա բջիջներին, ուստի մենք զարմացանք, երբ հայտնաբերեցինք, որ երիտասարդ մկներն ավելի քիչ ինսուլին են արտադրում երկարատև ծոմապահությունից հետո», - պարզաբանում է Մյունխենի Հելմհոլցի համալսարանի գիտնական, հետազոտության համահեղինակ Լեոնարդո Մատան:

Բետա բջիջների աշխատանքի խանգարման պատճառը պարզելու համար հետազոտողներն օգտագործել են առանձին բջիջների հաջորդականության բացահայտման նորագույն մեթոդը: Ուսումնասիրելով ենթաստամոքսային գեղձի սխեման՝ թիմը պարզել է, որ երիտասարդ մկների բետա բջիջները չեն կարողացել պատշաճ կերպով հասունանալ։

«Ինչ-որ պահի դեռահաս մկների բջիջները դադարել են զարգանալ և սկսել են ավելի քիչ ինսուլին արտադրել», - ասում է Մյունխենի Հելմհոլցի համալսարանի գիտնական, հետազոտության համահեղինակ Պիտեր Վեբերը: Ավելի տարեց մկները, որոնց բետա բջիջներն արդեն հասունացել էին մինչև ծոմապահությունը, մնացել էին անփոփոխ:

Թիմը համեմատել է մկների վրա կատարած իրենց ուսումնասիրությունների արդյունքները մարդու հյուսվածքների տվյալների հետ: Նրանք պարզել են, որ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ, երբ բետա բջիջները ոչնչանում են աուտոիմուն պատասխանով, նկատվել են բջիջների հասունացման խանգարման նմանատիպ նշաններ: Սա վկայում է այն մասին, որ մկների ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել նաև մարդկանց համար:

«Մեր ուսումնասիրությունը հաստատում է, որ ընդհատվող ծոմապահությունը օգտակար է մեծահասակների համար, բայց կարող է վտանգավոր լինել  երեխաների և դեռահասների համար,- ասում է Մյունխենի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր,  Մյունխենի Հելմհոլցի համալսարանին կից շաքարախտի և քաղցկեղի ինստիտուտի տնօրեն Ստեֆան Հերցիգը:- Հաջորդ քայլը այս դիտարկումների հիմքում ընկած մոլեկուլային մեխանիզմների ավելի խորը ուսումնասիրությունն է: Եթե ​​մենք ավելի լավ հասկանանք՝  ինչպես խթանենք առողջ բետա բջիջների զարգացումը, դա նոր հնարավորություններ կբացի ինսուլինի արտադրության վերականգնման ճանապարհով  շաքարախտի բուժման համար»:



© NEWS.am Medicine