Անզգայացման երկարատև ազդեցությունը ի վիճակի է խաթարել ճանաչողական գործառույթները. հետազոտություն

21:44   6 մարտի, 2025

Մաաստրիխտի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտությունը կապ է հայտնաբերել երկարատև ընդհանուր անզգայացման և հիվանդների ճանաչողական կարողությունների նվազման միջև։ Այս աշխատանքի արդյունքները հրապարակվել են European Journal of Anesthesiology բժշկագիտական  հանդեսում։

Տվյալների վերլուծության ժամանակ գիտնականները պարզել են, որ ընդհանուր անզգայացման երկարատև ազդեցությունը բացասաբար է անդրադառնում ուղեղի կատարողական գործառույթների վրա, որոնք ներառում են սեփական վարքագիծը ծրագրելու, կազմակերպելու և վերահսկելու ունակությունը, գրում է Planet Today-ը: Արձանագրվել է նաև ընտրողական ուշադրության զգալի կորուստ, որը մարդկանց հնարավորություն է տալիս կենտրոնանալ կոնկրետ գրգռիչների վրա և անտեսել շեղումները։ Բացի դրանից, նվազել է մտածողության և տեղեկատվության մշակման արագությունը, ինչն ավելի դանդաղ ու դժվար է դարձնում որոշումների ընդունման և առաջադրանքների կատարման գործընթացը։ Այս փոփոխությունները նկատվել են հետազոտության մասնակիցներին 12-ամյա ժամանակահատվածում հետևելիս:

ճանաչողական գործառույթների վատթարացումը հատկապես նկատելի էր տարեց մարդկանց և ցածր կրթական մակարդակ ունեցող բուժառուների շրջանում: Բացի դրանից, ուղեկցող հիվանդությունների առկայությունը, մասնավորապես՝ հիպերտոնիան և շաքարախտը, ինչպես նաև ծխելը, մեծացրել են բացասական ազդեցությունը կատարողական գործառույթների, ուշադրության և տեղեկատվության մշակման արագության վրա:

Հետազոտությանը մասնակցել են հոգեբուժական կամ նյարդաբանական հիվանդություններից զերծ 1823 չափահասներ: Մասնակիցների միջին տարիքը 51,1 տարեկան էր։ Փորձառու անեսթեզիոլոգը կանխատեսել է անզգայացման տևողությունը յուրաքանչյուր մասնակցի համար, և ճանաչողական գործառույթը գնահատվել է նյարդահոգեբանական թեստերի միջոցով հետազոտության սկզբից, ինչպես նաև դրա մեկնարկից 6 և 12 տարի անց:

Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ վիրահատության ընթացքում ընդհանուր անզգայացման երկարատև ազդեցությունը կարող է նպաստել ճանաչողական գործունեության երկարաժամկետ անկմանը: Այդ առումով նրանք ընդգծում են կանխարգելիչ միջոցառումների և առողջ ապրելակերպի պահպանման անհրաժեշտությունը՝ ճանաչողական առողջության պահպանման համար, հատկապես վիրահատվելու ենթակա տարեց բուժառուների շրջանում։

Երեխաների համատեքստում հետազոտությունը ցույց է տալիս, որ ընդհանուր անզգայացումը կարող է հանգեցնել ուսման ընթացքում խանգարումների, հոգեկան զարգացման դանդաղեցման և ուշադրության դեֆիցիտի համախտանիշի՝ հիպերակտիվությամբ, հատկապես, եթե անզգայացումն իրականացվում է վաղ տարիքում:



© NEWS.am Medicine