12:42 15 մարտի, 2025Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, որոնք օրական գոնե մեկ անգամ քաղցրացված ըմպելիք են խմում, հինգ անգամ ավելի շատ են ենթակա բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդանալու, քան նրանք, որոնք հիմնականում խուսափում են քաղցր անալկոհոլային ըմպելիքներից:
Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունն իրականացվել է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքերի տագնապալի աճի ֆոնին, հիմնականում երիտասարդ, չծխող եւ չխմող պացիենտների շրջանում, որոնք չունեն ռիսկի այլ գործոններ:
Շատ տասնամյակների ընթացքում բերանի խոռոչի քաղցկեղը զուգորդվել է հիմնականում տարեց տղամարդկանց հետ, որոնք ենթարկվել են քաղցկեղի առաջացման հայտնի ռիսկերին, ներառյալ ծխախոտը, ալկոհոլը եւ բեթել ընկույզ ծամելը: Ծխելու դեմ պայքարի արշավների ի հայտ գալով արեւմտյան երկրներում բերանի խոռոչի՝ ծխելու հետ կապված քաղցկեղի ընդհանուր դեպքերն անշեղորեն նվազում են:
Սակայն ամենամեծ մտահոգությունն առաջացնում է ամբողջ աշխարհում չծխողների, հատկապես երիտասարդ սպիտակամորթ կանանց շրջանում դեպքերի աճը: Աճի պատճառն անհայտ է մնում։ Հնարավոր «մեղավորների» թվում է մարդու պապիլոմա վիրուսը կամ ՄՊՎ-ն, որը տարածված վարակ է եւ փոխանցվում է սեքսի միջոցով:
Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Otolaryngology-Head & Neck Surgery-ում, ցույց է տվել, որ քաղցր անալկոհոլային ըմպելիքների մեծ քանակության օգտագործումը կապված է կանանց բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ՝ անկախ նրանց ծխելու կամ խմելու սովորություններից:
Քաղցրացված ըմպելիքները մինչ այժմ հետազոտվել են կոլոռեկտալ եւ աղեստամոքսային այլ քաղցկեղների հետ կապի առնչությամբ, սակայն նախկինում երբեք չեն ուսումնասիրվել գլխի եւ պարանոցի քաղցկեղի հետ կապված:
Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի քիթ-կոկորդ-ականջի, գլխի եւ պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ Բրիթանի Բարբերի եւ նրա գործընկերների խոսքով՝ ստացված արդյունքները կարող են նոր ուղղություն ցույց տալ կանանց բերանի խոռոչի քաղցկեղի պատճառի որոնման հարցում:
«Բերանի խոռոչի քաղցկեղը հանդիպում է ավելի հազվադեպ, քան կրծքի կամ հաստ աղիի քաղցկեղը՝ 100 000 մարդու հաշվով ամեն տարի մոտ 4-4,3 դեպք։ Սակայն բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդացությունը չծխող եւ չխմող կականց շրջանում ավելանում է»,- նշել է Բարբերը։