23:45 27 հոկտեմբերի, 2014Մարդու մոտ հիշողության ձեւավորումը դենդրիտների՝ ուղեղի նեյրոնների ճյուղավորված՝ արտաքինից ծառի ճյուղ հիշեցնող ելուստների աշխատանքից է կախված: Nature ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, հենց դենդրիտներն են վճռորոշ դերակատարում ապահովում՝ այս կամ այն բանի՝ հիշողության մեջ պահպանման կամ մոռացության տալու հարցում, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
«Հիշողության վերաբերյալ բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն, սակայն դրանցից քչերն են տեղեկատվության՝ առանձին նեյրոնների կողմից փաստացիորեն պահպանմանն առնչվող տվյալներ պարունակում: Մենք դենդրիտներում առկա ազդակներ ենք հայտնաբերել, որոնք ուսուցման եւ հիշողության ձեւավորման տեսանկյունից չափազանց մեծ կարեւորություն կարող են ունենալ: Դրանք նաեւ բացատրելի են դարձնում այն հանգամանքը, թե ինչպես են որոշակի ապրումներ մնում հիշողության մեջ, իսկ մյուսներն՝ անհետ կորչում», - մեկնաբանել է հետազոտության համահեղինակ, Վեյնբերգի համալսարանի նեյրոկենսաբանության դոցենտ Դանիել Դոմբեկը: Նրա գլխավորությամբ գործող գիտնականները ինքնատիպ սկանավորող մանրադիտակի օգնությամբ հիշողության ձեւավորման ընթացքում նեյրոնների եւ դենդրիտների աշխատանքին հետեւելու հնարավորություն են ունեցել: Փորձագետները վստահ են, հիշողությունների պահպանման հարցում դինդրիտների ունեցած դերակատարման մասին եզրահանգումները կարող են օգտակար լինեն՝ հիշողության կորստով բնորոշվող ծանր խանգարումների, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդության դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման հարցում: