Վնասակար սովորությունները կանանց մոտ ավելի հաճախ են առաջացնում սրտի հիվանդություններ, քան տղամարդկանց մոտ. ACC

16:59   20 մարտի, 2025

Սանիբրուքի բժշկական գիտությունների կենտրոնի (Կանադա) գիտնականները պարզել են, որ վատ սննդակարգը, վատ քունը, ծխելը եւ ապրելակերպի այլ անառողջ գործոններն ավելի մեծ ազդեցություն են ունենում կանանց սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի վրա, քան տղամարդկանց: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սրտաբանության ամերիկյան քոլեջի (ACC) կայքում:

Հետազոտությանը մասնակցել են 175 հազար կանադացիներ, որոնք սկզբնական շրջանում չեն ունեցել սրտի հիվանդություն: Հետազոտողները կենտրոնացել են սրտի եւ անոթային հիվանդությունների ռիսկի ութ գործոնների վրա՝ դիետա, քնի որակ, ֆիզիկական ակտիվության մակարդակ, արյան մեջ գլյուկոզի եւ լիպիդների մակարդակ, ծխելը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ արյան ճնշումը:

Հետազոտության մասնակիցները բաժանվել են խմբերի՝ կախված իրենց առողջական վիճակից յուրաքանչյուր ռիսկի գործոնի համար: Բոլոր ութ գործոնների վերաբերյալ իդեալական միավորներ ունեցող կամավորները դասակարգվել են առողջության օպտիմալ խմբում, միջանկյալ միավորներ ունեցողները՝ միջին առողջության խմբում, իսկ ամենավատ միավորները՝ վատ առողջություն ունեցողների խմբում:

Մասնակիցները դիտարկվել են ավելի քան 11 տարի: Տարիների ընթացքում գիտնականները հետեւել են սրտի հիվանդության դեպքերին, ներառյալ սրտի կաթվածը, ինսուլտը, անկայուն ստենոկարդիան, ծայրամասային զարկերակների հիվանդությունը եւ սրտի անբավարարությունը:

Ինչպես եւ սպասվում էր, երկրորդ եւ երրորդ խմբերի կամավորներն ավելի հաճախ են տառապել սիրտ-անոթային հիվանդություններով։ Սակայն այդ ռիսկն ավելի ցայտուն է եղել կանանց մոտ։ Վատ առողջական վիճակի խմբի մասնակիցները գրեթե հինգ անգամ ավելի շատ են հակված եղել սրտային հիվանդություններ ունենալուն, քան լավ առողջություն ունեցող կանայք: Ընդ որում՝ առաջին եւ երրորդ առողջական խմբերի տղամարդկանց միջեւ ռիսկը տարբերվել է ընդամենը 2,5 անգամ։

Հետազոտողներն ընդգծել են, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ ավելի լավ հասկանալու համար տարբեր գործոնների ազդեցությունը տղամարդկանց եւ կանանց առողջության վրա՝ հաշվի առնելով հնարավոր կենսաբանական եւ սոցիալ-մշակութային տարբերությունները:



© NEWS.am Medicine