Ճարպերի բարձր պարունակությամբ դիետան կարող է թուլացնել իմունային համակարգը. JI

15:33   24 մարտի, 2025

Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպային սննդակարգը խաթարում է մկների իմունային բջիջների՝ վարակին արձագանքելու ունակությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Immunology (JI) ամսագրում:

Փորձի ընթացքում կրծողներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը կերել է սովորական սնունդ, իսկ երկրորդը հետեւել է ճարպերով հարուստ սննդակարգին՝ գիրանալու համար: Միջամտության ավարտից հետո յուրաքանչյուր առանձնյակի արյունից եւ ոսկրածուծից առանձնացվել են նեյտրոֆիլները՝ իմունային համակարգի պաշտպանիչ բջիջները, որոնք պայքարում են պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ։

Հետազոտողները պարզել են, որ ճարպային սննդակարգը խաթարում է ոսկրածուծի նեյտրոֆիլների կուտակման եւ TNF-ալֆա ազատման ունակությունը, որը իմունային ազդանշան է, որը կարեւոր է բորբոքումը կարգավորելու համարԵրբ նեյտրոֆիլները ենթարկվել են Pseudomonas aeruginosa-ի (թոքաբորբի հարուցիչ), նրանք ավելի քիչ արդյունավետ են եղել բակտերիաները կուլ տալու եւ ոչնչացնելու հարցում:

Գիտնականները պարզել են նաեւ, որ ճարպակալում ունեցող մկների մոտ այս տեսակի բջիջներն անհաս են կամ հակառակը՝ ծերացման նշաններ ունեն։ Հետազոտողները ենթադրել են, որ նմանատիպ մեխանիզմները կարող են բնորոշ լինել մարդու օրգանիզմին: Նրանք բացատրել են, որ ճարպակալումը կապված է քրոնիկ, ցածր աստիճանի բորբոքման հետ, որը նպաստում է տարբեր հիվանդությունների զարգացմանը, այդ թվում՝ վարակների նկատմամբ ընկալունակության բարձրացմանը։



© NEWS.am Medicine