ԱՄՆ մասնագետները Հայաստանում առիթմիայի վիրահատական բուժում են իրականացնում

21:33   28 հոկտեմբերի, 2014

ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել բժիշկների մի խումբ՝ առիթմիայով տառապող մի քանի մարդկանց վիրահատելու նպատակով։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին մանկական սրտաբան Հրայր Կարապետյանն է պատմել, հայաստանցի վիրաբույժները այսպիսի վիրահատություններ արդեն 10 տարուց ավելի է, ինչ իրականացնում են, սակայն ԱՄՆ-ից ժամանած մասնագետները զբաղվելու են բարդ դեպքերով։

Առիթմիան սրտի ռիթմի խանգարումն է, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել կամ նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Լուսինե Մխիթարյանն է պատմել, առիթմիաների տարբեր տեսակների պատճառը բջիջների մի խումբ է՝ սրտի մեջ մոտ 1-2 մմ տրամագծով տեղակայված. դրանք ինքնուրույն իմպուլսներ են արտադրում եւ խախտում են սրտի ռիթմը։

Երբեմն առիթմիաները հնարավոր է լինում դեղամիջոցների օգնությամբ բուժել, երբեմն էլ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ լինում։ Լուսինե Մխիթարյանի խոսքով՝ վիրահատության ժամանակ հատուկ կաթետերներով բժիշկները պացիենտի սիրտն ներթափանցում եւ գտնում բջիջների այն օջախը, որը պատասխանատու է առիթմիայի համար։ Այնուհետեւ այդ բջիջները զգուշորեն այրվում են։

Հրայր Կարապետյանի խոսքով՝ վիրահատությունը կարող է 2-ից 7 ժամ տեւել՝ կախված դեպքի բարդությունից։ Բացի այդ, նույնիսկ շատ պարզ դեպքերում ամեն ինչ պետք է արվի դանդաղորեն եւ մեծ զգուշությամբ։

Մեկ շաբաթվա ընթացքում Հրայր Կարապետյանը, միջամտական տեխնիկ Պատրիկ Շին, սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգներ Մարկ Հարվուդը եւ Չարլզ Անդերսոնը պլանավորում են մոտ 10-15 վիրահատություն իրականացնել՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին նրանք նաեւ մասնակցելու են Սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովին, որը տեղի է ունենալու Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։



© NEWS.am Medicine