Արհեստական ​​բանականությունը սովորել է կանխատեսել սրտի կանգը՝ դրա վրա հասնելուց երկու շաբաթ առաջ

00:57   9 ապրիլի, 2025

Ֆրանսիացի և ամերիկացի գիտնականների միջազգային թիմը ստեղծել է արհեստական ​​ բանականության (AI) գործիք, որը կարող է նախապես զգուշացնել սրտի հանկարծակի կանգի վտանգի մասին: Հետազոտությունը հրապարակվել է The Lancet բժշկագիտական  հանդեսում:

Մշակված համակարգը նմանակում է մարդու ուղեղի աշխատանքը՝ վերլուծելով էլեկտրասրտագրության տվյալները, հայտնում է газета.ru-ն։ Հետազոտությունը մշակել է ավելի քան 240 հազար ամբուլատոր էլեկտրասրտագրույթյուն, որոնք ի մի են բերվել վեց երկրների կլինիկաներից:

Արհեստական ​​ բանականությունը կենտրոնացած էր սրտի փորոքների էլեկտրական խթանման և թուլացման ժամանակի վերլուծության վրա՝ բացահայտելով սրտամկանների աշխատանքի նուրբ, բայց կարևոր փոփոխությունները:

«Մեր համակարգը տպավորիչ ճշգրտություն է ցույց տվել: Այն ճիշտ է նույնականացրել բուժառուների 70%-ին, որոնց հաջորդող երկու շաբաթվա ընթացքում սպառնացել է վտանգավոր առիթմիայի զարգացման վտանգը, միևնույն ժամանակ տվել է միայն 0,1% սխալ դրական արդյունք»,-պարզաբանել է Փարիզի սրտանոթային հետազոտական ​​կենտրոնի սրտաբան, հետազոտության համահեղինակ Լորան Ֆիորինան:

Այս մշակմանն առանձնապես արժեքավոր է դարձնում այն ​​փաստը, որ ավանդական ախտորոշման եղանակները հաճախ չեն կարողանում կանխատեսել սրտի հանկարծակի կանգը, որն ամբողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 5 միլիոն մարդու կյանք է խլում: Այս վիճակից շատ զոհեր նախկինում ախտորոշված ​​սրտին առնչվող խնդիրներ չեն ունեցել:

Հետազոտողների անմիջական ծրագրերը ներառում են կլինիկական փորձարկումներ իրական աշխարհի պայմաններում համակարգի արդյունավետությունը ստուգելու համար: Հաջողության դեպքում տեխնոլոգիան կարող է ներառվել հիվանդանոցային մոնիտորների և, հնարավոր է, նույնիսկ խելացի ժամացույցների և այլ շարժական սարքերի մեջ՝ հնարավորություն տալով բնակչության զանգվածային զննում կատարել՝ հանկարծակի մահվան վտանգի դեմն առնելու նկատառումով:



© NEWS.am Medicine