Սննդային ալերգիայի ախտանշանները նվազեցնելու նյութ է հայտնաբերվել. ուսումնասիրություն

18:25   19 ապրիլի, 2025

Տոկիոյի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Չիհարու Նիշիյամայի գլխավորությամբ, հայտնաբերել են մի նյութ, որը կարող է նվազեցնել սննդային ալերգիայի ախտանիշները և կարգավորել իմունային պատասխանը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Allergy ամսագրում։

Խոսքը սպանախի, բրոկկոլիի, լոբի, կարմիր մաշկով խնձորի, կանաչ թեյի ու կաղամբի մեջ պարունակվող բնական ֆլավոնոիդի՝ կեմպֆերոլի մասին է, գրում է gazeta.ru-ն։ Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կաեմպֆերոլը կարող է զգալիորեն նվազեցնել ալերգիկ ռեակցիաները սննդի գրգռիչների, մասնավորապես՝ ձվի սպիտակուցի նկատմամբ։

Գիտնականները պարզել են, որ կեմպֆերոլը մեծացնում է RALDH2 ֆերմենտի արտադրությունը։ Այս ֆերմենտն առանցքային դեր է խաղում իմունային պատասխանի ձևավորման գործում. այն օգնում է աղիքային բջիջներին նվազեցնել բորբոքումը և ճնշել իմունային համակարգի ավելորդ ակտիվությունը, որն ընկած է ալերգիկ և աուտոիմուն ռեակցիաների հիմքում:

Կեմպֆերոլ ընդունելուց հետո մկների մոտ նկատվել է մարմնի ջերմաստիճանի նվազում, լուծի դադարեցում և ալերգենի նկատմամբ զգայունության նվազում։ Պրոֆեսոր Նիշիյամայի խոսքով՝ կեմպֆերոլով հարուստ մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է ոչ միայն մեղմել ալերգիայի ընթացքը, այլեւ դրական ազդեցություն ունենալ աուտոիմուն հիվանդությունների վրա։

Թեև հետազոտությունն անցկացվել է կենդանիների վրա, գիտնականները կարծում են, որ նմանատիպ մեխանիզմ կարող է գործել նաև մարդկանց մոտ։ Մոտ ապագայում թիմը նախատեսում է կլինիկական փորձարկումներ՝ հաստատելու մարդկանց մոտ ալերգիայի դեմ պայքարում կաեմպֆերոլի արդյունավետությունը:



© NEWS.am Medicine