Կարճ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը. Circulation

08:31   29 ապրիլի, 2025

Օրական ընդամենը երեք րոպե չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ դրանցից մահացության վտանգը տարեցների մոտ: Այս եզրակացությանն են հանգել Սիդնեյի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ առանց վարժությունների կատարման մարդիկ կարող են բարելավել իրենց առողջությունը՝ կանոնավոր կերպով կատարելով «դժվար» ամենօրյա գործողություններ: Դրանք ներառում են մաքրությունը, գնումները կամ այգեգործությունը: Գիտնականները դրանք անվանում են «պատահական» ֆիզիկական ակտիվություն:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են մոտ 62 տարեկան ավելի քան 24 000 մարդկանց տվյալները: Կամավորների մասին տեղեկատվությունը տրամադրել է Մեծ Բրիտանիայի Բիոբանկը, որը մարդու կենսաբանական նմուշների մեծ պահեստարան է:

Հետազոտության բոլոր մասնակիցները իրենց ակտիվության մակարդակը ցածր են նկարագրել: Շարժունակության իրական մակարդակը հաստատելու համար կամավորները յոթ օր իրենց դաստակներին կրել են շարժմանը հետեւող սարքեր)

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր օրական առնվազն երեք րոպե անցկացրել են չափավոր ակտիվությամբ, զգալիորեն նվազել է սրտի կաթվածի, ինսուլտի եւ սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկը։ Ավելին, առողջությունը բարելավվել է ամենօրյա գործունեության ինչպես տեւողության, այնպես էլ ինտենսիվության աճով: Այն նաեւ պարզել է, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են զբաղվում պատահական ֆիզիկական ակտիվությամբ:

Գիտնականները կոչ են անում չթերագնահատել կենցաղային ակտիվության նշանակությունը. ճաշ եփելը, տան մաքրությունը, աշխատանքն այգում եւ առօրեական այլ գործողությունները կարող են կարեւոր դեր խաղալ տարիքի հետ սրտի հիվանդությունների կանխարգելման գործում։



© NEWS.am Medicine