15:25 5 մայիսի, 2025Կորեայի առաջավոր տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ միասին պարզել են, որ ՌՆԹ խմբագրման խափանումը կարող է առանցքային դեր խաղալ Պարկինսոնի հիվանդության զարգացման մեջ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances (SciAdv) ամսագրում:
ՌՆԹ խմբագրումը գործընթաց է, որի ընթացքում փոփոխություններ են կատարվում ՌՆԹ մոլեկուլում այն բանից հետո, երբ այն ստեղծվում է ԴՆԹ-ից: ՌՆԹ-ն գենետիկ տեղեկատվություն է կրում սպիտակուցների սինթեզի համար, եւ այս փուլում ցանկացած սխալ կարող է փոխել բջիջների աշխատանքը:
Գիտնականները կենտրոնացել են աստրոցիտների վրա՝ բջիջներ, որոնք աջակցում են նեյրոններին եւ մասնակցում ուղեղի իմունային պաշտպանությանը: Օգտագործելով Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտների ցողունային բջիջները՝ հետազոտողները վերստեղծել են այն իրավիճակը, երբ թունավոր α-սինուկլեին սպիտակուցները կուտակվում են բջիջներում: Այդ սպիտակուցները առաջացրել են բորբոքում, հատկապես վաղ փուլերում:
Ուշադրության կենտրոնում գլխավոր օբյեկտը ADAR1 ֆերմենտն է, որը պատասխանատու է ՌՆԹ խմբագրման համար։ Սովորաբար այն օգնում է զսպել բորբոքումը, սակայն Պարկինսոնի հիվանդության դեպքում այն սկսում է գործել հակառակ կերպով՝ ուժեղացնելով իմունային պատասխանը, ակտիվացնելով բորբոքում առաջացնող գեները։ Այս մեխանիզմը հայտնաբերվել է ինչպես լաբորատոր պայմաններում, այնպես էլ մահացած պացիենտների ուղեղի նմուշներում։
Հետազոտության հեղինակները նշել են, որ պաթոլոգիական փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե բուն ԴՆԹ մակարդակում, այլ սպիտակուցի սինթեզի նախապատրաստման փուլում։ Այս հայտնագործությունը կարող է փոխել մոտեցումը Պարկինսոնի հիվանդության բուժմանը եւ հանգեցնել այնպիսի մեթոդների ստեղծման, որոնք կներգործեն հիվանդության վրա ամենավաղ փուլերում: