08:44 7 մայիսի, 2025Գիտնականների միազգային խումբը՝ Վիեննայի բժշկական համալսարանի գլխավորությամբ, նմանություն է հայտնաբերել դիաբետի եւ քաղցկեղի առաջացման մեխանիզմներում. ինչպես ցույց են տվել հետազոտողները, PPARγ սպիտակուցը, որը կենտրոնական դեր է խաղում մետաբոլիկ պրոցեսների կարգավորման մեջ, կարող է ազդել նաեւ շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճի վրա։ Արդեն հայտնի է, որ PPARγ սպիտակուցը 2-րդ տեսակի դիաբետի բուժման համար օգտագործվող որոշ դեղամիջոցների թիրախն է։
Molecular Cancer ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց է տվել, որ նման դեղամիջոցները կարող են նաեւ խոստումնալից լինել շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար: PPARγ-ը որոշ ժամանակ հայտնի է եղել դիաբետի հետազոտության հարցում, քանի որ այն ազդում է ինսուլինի զգայունության վրա:
Ավելի քան 20 տարի այս սպիտակուցը թիրախ է դարձել մի քանի դեղամիջոցների, այդ թվում՝ այսպես կոչված թիազոլիդինեդիոնների (ինչպիսին է պիոգլիտազոնը) համար, որոնք օգտագործվում են 2-րդ տեսակի դիաբետի բուժման համար:
Ուռուցքների բուժման նոր, նպատակաուղղված թերապեւտիկ մոտեցումների որոնման հարցում քաղցկեղի հետազոտողները մի քանի տարի է՝ ուսումնասիրում են այս խնդիրը: PPARγ (պերօքսիսոմային պրոլիֆերատորով ակտիվացված գամմա-ռեցեպտոր) տրանսկրիպցիոն գործոն է, որը կարեւոր դեր է խաղում նյութափոխանակության պրոցեսների, բորբոքային արձագանքների եւ բջիջների աճի կարգավորման մեջ՝ որպես գեների ակտիվացնող: Ինչպես ցույց է տվել հետազոտական խումբը՝ Լուկաս Քեների (Lukas Kenner) ղեկավարությամբ (MedUni Vienna-ի պաթոլոգիայի կլինիկական բաժանմունք), դա նաեւ կապված է շագանակագեղձի քաղցկեղի աճի հետ։
Գիտնականները նման եզրակացության են եկել պացիենտների տարբեր խմբերի բջջային հյուսվածքների նմուշների ուսումնասիրությունից հետո: Նրանք վերլուծել են, թե ինչպես են սպիտակուցների ակտիվացման տարբեր վիճակներն ազդում բջիջների վրա: Ապացուցված է, որ դիաբետի դեմ դեղամիջոցը՝ պիոգլիտազոնը, ազդում է PPARγ գործունեության վրա եւ այդպիսով ճնշում է ուռուցքային բջիջների աճը եւ նյութափոխանակությունը:
Բացի այդ, նախնական արդյունքները ցույց են տվել, որ շագանակագեղձի քաղցկեղով եւ դիաբետ ունեցող պացիենտների մոտ, որոնք բուժվել են PPARγ ագոնիստներով, տվյալների հավաքագրման պահին ռեցիդիվներ չեն եղել: Սա ենթադրում է, որ PPARγ-ին ուղղված դեղամիջոցները կարող են նոր մոտեցում ներկայացնել շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար, նշել են գիտնականները:
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում տարածվածությամբ երկրորդն է աշխարհում։ Չնայած վերջին տարիներին բժշկության ահռելի առաջընթացին, միայն Ավստրիայում այս տեսակի ուռուցքը դեռեւս կազմում է տղամարդկանց քաղցկեղից յուրաքանչյուր ութերորդ մահվան պատճառը:
Ներկայում հասանելի բուժումները տատանվում են վիրահատությունից եւ ճառագայթային թերապիայից մինչեւ դեղորայք սահմաններում: Նախկինում անհայտ մոլեկուլային մեխանիզմների նույնականացումը կարող է օգնել նպատակային թերապիայի զարգացմանը: PPARγ, որպես ուռուցքի աճի պոտենցիալ կարգավորիչ, խոստումնալից տարբերակ է, որը կուսումնասիրվի հետագա ուսումնասիրություններում: