Քնի խանգարումները եւ լսողության կորուստը ընդհանուր կենսաբանական մեխանիզմներ ունեն. Neuroscience

08:40   2 հունիսի, 2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդն իր կյանքի որոշակի փուլում տառապում է քնի խանգարումներով: Դրանց ազդեցությունը մարդու կյանքի այլ ասպեկտների վրա հասկանալն առաջնային նշանակություն ունի, քանի որ այն կարող է հիմք ծառայել մարդկանց քնի ռեժիմի, ինչպես նաեւ նրանց առողջության եւ կյանքի որակի բարելավմանն ուղղված նոր միջամտությունների մշակման համար:

Թեեւ քնի խանգարումների եւ լսողության կորստի միջեւ կապը լայնորեն ուսումնասիրվել է, բանց թե որքանով է մեկը մյուսի վրա ազդում, դեռեւս վատ է ուսումնասիրված:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ լսողության կորուստը դժվարացնում է մարդկանց լիարժեք քունը, մինչդեռ մյուսները ենթադրում են, որ քնի խանգարումները կարող են վնասել լսողությանը: Չինաստանի ռազմաօդային ուժերի բժշկական համալսարանի գիտնականները վերջերս վերանայել են թեմայի վերաբերյալ նախորդ հետազոտությունները՝ քնի խանգարումների եւ լսողության կորստի փոխհարաբերության ավելի հստակ պատկերացում կազմելու համար:

Նրանց հոդվածը, որը հրապարակվել է Neuroscience ամսագրում, մատնանշել է որոշ հիմնական կենսաբանական մեխանիզմներ, որոնց հիմքում են ընկած քնի խանգարումը եւ լսողության կորուստը, եւ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչը կարող է ուղեցույց հանդիսանալ քնի խանգարումների բուժման նոր մեթոդների մշակման համար:

Հետազոտական ​​թիմի նախորդ ուսումնասիրությունների վերանայումը ցույց է տվել, որ քնի տարբեր փուլերը կարող են տարբեր կերպ ազդել լսողական ընկալման վրա:

Օրինակ, մարդկանց ձայները ընկալելու կարողությունը զգալիորեն ավելի մեծ է աչքերի ոչ արագ շարժումներով (NREM) քնի, քան աչքերի արագ շարժումներով (REM) քնի ժամանակ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ լսողության կորուստը կարող է բացասաբար ազդել լսողության խանգարումներ ունեցող մարդկանց քնի որակի վրա: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ լսողության կորուստ ունեցող մարդիկ հաճախ ավելի զգայուն են ֆոնային աղմուկի նկատմամբ, ինչը կարող է դժվարացնել նրանց քունը կամ ստիպել նրանց ավելի հաճախ արթնանալ գիշերը:

Մյուս կողմից՝ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ քնի պակասը կարող է մեծացնել լսողության կորստի ռիսկը հետագայում: Թեեւ այս հարաբերությունների հիմքում ընկած մեխանիզմները դեռեւս վատ են ուսումնասիրված, որոշ դեպքերում քնի խանգարումների հաջող բուժումը կարող է նաեւ օգնել բարելավելու լսողական առողջությունը:



© NEWS.am Medicine