Անդամալույծ վերջույթները վերստին կկարողանան շարժվել. ի՞նչն է օգնել գիտնականներին հասնել նման առաջընթացի

00:20   3 հունիսի, 2025

Մտքի աննշան տեղաշարժը այժմ կարող է տարածվել ողնաշարի երկայնքով՝ առաջացնելով շարժում կաթվածահարված վերջույթներում, որոնք նախկինում հրաժարվում էին ենթարկվել ուղեղի հրամաններին։ Այդ հայեցակարգը, որը մի ժամանակ գիտաֆանտաստիկայի ոլորտին առնչվող երևւույթ էր համարվում, գիտնականների նոր հետազոտությունների շնորհիվ ավելի է մոտենում իրականությանը, գրում է HealthDay-ը։

Journal of NeuroEngineering and Rehabilitation բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները՝ կենսաբժշկական ինժեներ Իսմայել Սեանյեզայի գլխավորությամբ, ուսումնասիրել են այս երևույթը։ Ողնաշարի վնասվածքներից զերծ տասնյոթ մասնակիցներ կրում էին ԷԷԳ պարկուճներ՝ ուղեղի ակտիվությունը գրանցելու համար, երբ նրանք շարժում ՝ին ոտքերը կամ պատկերացնում էին ոտքերի շարժումը։

Արդյունքում ստացված տվյալները դեկոդերին վարժեցրել են զանազանել ակտիվ և երևակայական շարժումները, հաղորդում է Фокус-ը։ Դեկոդերը կարողացավ նույնիսկ կանխատեսել շարժման մտադրությունը անգամ ֆիզիկական շարժման բացակայության պարագայում՝ ողնուղեղի արտաքին խթանում հարուցելով՝ ոտքի համար իրական ազդանշան ստեղծելու համար։

Նոր մոտեցումն օգտագործում է ուղեղի ազդանշանների միջև եղած նմանություններն՝ իրական և երևակայական շարժումների ժամանակ։ Կենտրոնանալով մտադրությունների, այլ ոչ թե գործողությունների վրա՝ համակարգը վերացնում է դեկոդերը մարզելու համար ֆիզիկական գործողությունների անհրաժեշտությունը, ինչը մեծ առավելություն է կաթվածից տառապող մարդկանց համար։ Հեղինակները կարծում են, որ եղանակի ոչ ինվազիվ բնույթը, որն օգտագործում է արտաքին էլեկտրոդներ ԷԷԳ-ն գրանցելու և ողնուղեղը խթանելու համար, մեծացնում է դրա կլինիկական կիրառման ներուժը:

Ֆունկցիոնալ էլեկտրական խթանումը (FES), որն ցածր էներգիայի էլեկտրական ազդակներ է կիրառում՝ մկանային կծկումներ առաջացնելու համար, վաղուց օգտագործվել է տարբեր վերականգնողական գործընթացներում։ FES-ի ինտեգրումն ուղեղ-համակարգչային ինտերֆեյսների հետ կարող է բարելավել ողնուղեղի ծանր վնասվածքների թերապիայի արդյունավետությունը։

Ապագայում հետազոտական ​​​​խումբը մտադիր է համապարփակ դեկոդեր մշակել, որն ի վիճակի կլինի մեկնաբանելու տարբեր վիճակներում գտնվող մարդկանց լայն շրջանակի շարժիչ մտադրությունները։ Նման գործիքը կհեշտացնի վերականգնողական գործընթացը, կվերացնի անհատական ​​​​դեկոդերի ուսուցման անհրաժեշտությունը և հնարավոր է՝ արագացնի վերականգնման ժամանակը։

Այս հետազոտությունը նշանակալի քայլ է ողնաշարի վնասվածք ունեցող մարդկանց շարժունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Ոչ ինվազիվ մանիպուլյացիայի միջոցով մտքերը շարժման վերածելով՝ այն նոր հնարավորություններ է բացում անշարժ բուժառուների վերականգնման համար և խորացնում ուղեղի՝ տեխնոլոգիաների միջոցով ադապտացվելու և վերականգնվելու ունակության վերաբերյալ գիտնականների ըմբռնումը։



© NEWS.am Medicine