Գիտնականները հայտարարել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պատվաստանյութի տպավորիչ արդյունքների մասին

18:15   11 հունիսի, 2025

Ամերիկյան քաղցկեղի ընկերակցության տվյալներով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հինգ տարվա գոյատևման մակարդակը կազմում է ընդամենը 13%, ինչն այն ամենամահացու քաղցկեղն է դարձնում։ Որպես կանոն, մինչև մետաստազների ի հայտ գալը այն որևէ ախտանիշ չի առաջացնում։ Վիրահատությունը, ճառագայթային թերապիան և քիմիաթերապիան կարող են երկարացնել կյանքը, բայց հազվադեպ են հանգեցնում բուժման, գրում է Medical Xpress բժշկագիտական  հանդեսը։

Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի և Քլիվլենդի կլինիկայի հետազոտողները ներկայում մշակում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պատվաստանյութեր, որոնք կարող են վերացնել հիվանդությունը՝ բուժառուին ազատելով քաղցկեղից։

Ներկա դրությամբ պատվաստանյութերը նախակլինիկական հետազոտություններում տպավորիչ արդյունքներ են ցույց տվել։

Կենսաբժշկական ինժեներ Չժեն-Ռոնգ Լուն հայտարարել է, որ ոգևորված է ենթաստամոքսային գեղձի ծորանային ադենոկարցինոմայի (PDAC) նախակլինիկական հետազոտությունների արդյունքներով, որը հիվանդության ամենատարածված ձևն է:

Բուժառուների կեսից ավելին մի քանի ամսվա ընթացքում լիովին ազատվել է քաղցկեղից՝ արդյունք, որը, նրա բնորոշմամբ, նախկինում երբեք չի տեսել:

Լուն, Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանին առընթեր բժշկական դպրոցի մոլեկուլային բժշկության դոցենտ, իմունոլոգ Լի Լիլի Վանի հետ միասին, մշակել են պատվաստանյութի՝ մարկերային հակածիններ պարունակող նանոմասնիկներ, որոնք իմունային համակարգին հնարաորություն են տալիս որոշել, թե արդյոք օրգանիզմում ինչ-որ բան վնասակար է: Նրանց մշակած պատվաստանյութերը քաղցկեղի դեմ իմունիտետ են ապահովում։

«Այս հարթակն այս կործանարար հիվանդության կլինիկական խնամքը վերափոխելու ներուժով է օժտված։ Ես ուրախ եմ տեսնել, որ մեր նոր նանոպատվաստանյութը այդքան լավ է աշխատել ուռուցքի նկատմամբ ռեակտիվ T բջիջներից ուժեղ արձագանք առաջացնելու հարցում, որոնք սովորաբար քիչ են և անկարող են վերահսկել ուռուցքի աճը», - պամել է Վանգը։



© NEWS.am Medicine