19:35 12 հունիսի, 2025Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր վերամշակված սննդի մեծ քանակությամբ օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների, դրանց թվում՝ շաքարախտի, սրտանոթային և ուղեղանոթային հիվանդությունների, ինչպես նաև դեմենցիայի։
Վերջերս անցկացված միջազգային հետազոտությունը հայտնաբերել է խիստ վերամշակված սննդի օգտագործման և ուղեղի կառուցվածքի փոխադրաձ կապը։
Հետազոտությունը կատարվել է Մեծ Բրիտանիայի կենսաբանկի տվյալների հիման վրա և ընդգրկել է Մեծ Բրիտանիայի մոտ 30 հազար միջին տարիքի մարդկանց։ Այն անցկացրել է Հելսինկիի համալսարանի O'BRAIN լաբորատորիան, որը Մոնրեալի նյարդաբանական ինստիտուտի հետ համագործակցությամբ ուսումնասիրում է ուղեղի և ճարպակալման փոխադարձ կապը։
Աշխատանքը հրապարակվել է npj Metabolic Health and Disease բժշկագիտական հանդեսում։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ խիստ վերամշակված սննդի մեծ քանակությամբ օգտագործումը կապված է սննդային վարքագիծը կարգավորող ուղեղի հատվածների, մասնավորապես՝ հիպոթալամուսի, նշակերպ մարմինը և աջ հարակից միջուկի կառուցվածքային փոփոխությունների հետ: Դա կարող է հանգեցնել չափից շատ ուտելու ցիկլի: Սակայն այդ կապը ամրապնդելու համար դեռևս երկարաժամկետ և փորձարարական հետազոտություններ են անհրաժեշտ», -ասում է Հելսինկիի համալսարանի դոկտորանտ-հետազոտող Արսեն Կանյամիբվան:
Հետազոտությունը պարզել է, որ գերմշակված սննդի և չափից շատ ուտելու միջև կապը չի կարող բացատրվել սոսկ դրա հետևանքով առաջացող բորբոքմամբ կամ ճարպակալմամբ։ Ուղեղի փոփոխությունները կարող են բացատրվել նաև գերմշակված սնունդ պատրաստելու համար օգտագործվող բաղադրիչներով, էմուլգատորներով և այլ հավելումներով։ Կանյամիբվան ենթադրում է, որ բարձր վերամշակված սննդամթերքի վնասակար ազդեցությանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ինչպես անձնական սննդի ընտրության, այնպես էլ սննդի կարգավորման և սննդային քաղաքականության մեջ։ Սակայն նա նշում է, որ բոլոր վերամշակված սննդամթերքներից չպետք է խուսափել։
«Մասնավորապես, կարելի է խորհուրդ տալ վերամշակված բուսական սնունդ, մասնավորապես՝ սառեցված բանջարեղեն: Վերամշակման առավելությունների մեկ այլ լավ օրինակ է կաթի պաստերիզացումը», -նշել է գիտնականը: