06:30 22 հունիսի, 2025
Նոր լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սպիտակ հացի կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը, որը օնկոլոգիական հիվանդությունների ամենատարածված և վտանգավոր տեսակներից է։
Ուսումնասիրությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայում և ընդգրկել է ավելի քան 118 հազար մարդու, որոնց հետևել են գրեթե 13 տարի։ Գիտնականները համեմատել են մասնակիցների սննդակարգը, ապրելակերպը և հիվանդության դեպքերը։ Արդյունքն անհանգստացնող է եղել. նրանց մոտ, ովքեր հաճախ են սպիտակ հաց օգտագործել, աղիների քաղցկեղի ռիսկը 10%-ով բարձր է եղել։
Պատճառը սպիտակ հացի բաղադրությունն է, հայտնում է med-practic-ը։ Այն պատրաստվում է զտված ալյուրից, որում գրեթե չկա բջջանյութ, վիտամիններ և հանքանյութեր։ Ընդ որում, նման մթերքները արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ծանրաբեռնում մարսողական համակարգը և հագեցվածության զգացում չեն տալիս՝ ստիպելով ավելի շատ ուտել։
Ուսումնասիրության հեղինակները նաև պարզել են, որ սպիտակ հացի հետ մեկտեղ ռիսկի գործոնների թվում է նաև ալկոհոլը։ Իսկ բջջանյութով հարուստ մթերքները՝ բանջարեղենը, լոբազգիները, ամբողջահատիկ հացը, ինչպես նաև կալցիումի և մագնեզիումի նման նյութերը, ընդհակառակը, պաշտպանում են օրգանիզմը։
Նույնիսկ քաղցկեղի նկատմամբ գենետիկական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ ճիշտ սննդակարգը նվազեցրել է ռիսկը։
Բժիշկները խորհուրդ են տալիս գոնե մասամբ սպիտակ հացը փոխարինել ամբողջահատիկով, սահմանափակել ալկոհոլը և սննդակարգում ավելի շատ բանջարեղեն ներառել։ Ըստ նրանց, սննդակարգում կատարվող պարզ փոփոխությունները կարող են առանցքային դեր խաղալ օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման գործում։