Լուծվող սուրճը կարող է բացասաբար անդրադառնալ տարեց մարդկանց աչքերի առողջության վրա. FSN

17:14   23 հունիսի, 2025

Հուբեյի համալսարանի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ լուծվող սուրճի կանոնավոր օգտագործումը կապված է ծերության շրջանում տեսողության վատթարացման ռիսկի բարձրացման հետ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Food Science & Nutrition (FSN) ամսագրում:

Գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի բիոբանկի տվյալները, որը խոշոր բժշկական նախագիծ է եւ տեղեկատվություն է հավաքում կես միլիոնից ավելի մարդկանց առողջության եւ սովորությունների մասին: Հատուկ ուշադրություն է դարձվել այն բանին, թե ինչ տեսակի սուրճ են նախընտրում մասնակիցները՝ լուծվող, աղացած, թե առանց կոֆեինի:

Պարզվել է, որ միայն նրանք, ովքեր խմել են լուծվող սուրճ, ունեցել են տարիքային մակուլոդիստրոֆիայի բարձր ռիսկ։ Սա աչքի հիվանդություն է, որի դեպքում վնասվում է ցանցաթաղանթի կենտրոնական մասը (այսպես կոչված դեղին բծը), որը պատասխանատու է հստակ տեսողության համար։ Դեղին բծի դեգեներացիան կարող է զարգանալ աստիճանաբար եւ ծանր դեպքերում հանգեցնել կուրության։

Հետազոտողների կարծիքով՝ լուծվող սուրճի բացասական ազդեցությունը կապված է դրա արտադրության հետ։ Ջերմային մշակման ժամանակ դրա մեջ կարող են առաջանալ վնասակար նյութեր, այդ թվում՝ ակրիլամիդ, պոտենցիալ թունավոր միացություն, որը կարող է վնասել նյարդային, այդ թվում՝ տեսողական բջիջները։

Բացի այդ, լուծվող սուրճը կարող է պարունակել օքսիդացված ճարպեր եւ քիմիական հավելումներ, որոնք օգտագործվում են ըմպելիքը չորացնելու եւ վերականգնելու համար: Ավանդական եղանակով պատրաստված աղացած սուրճը զգալիորեն ավելի քիչ է պարունակում է այս միացություններից:



© NEWS.am Medicine